Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկի տարածքային գրասենյակում, Armenia Today-ին ՀԿԿ-ից հաստատել են ԶԼՄ-ների լուրերը։
ԶԼՄ-ները գրել են նաև բերման ենթարկվածների ու ձերբակալվածների մասին, սակայն կոմիտեն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանք։ Կոմիտեից նաև չեն հստակեցրել՝ բոլոր խուզարկություններն արդյոք «Ուժեղ Հայաստանի՞ն» են առնչվում։
ՀԿԿ-ից միայն նշել են, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ենթադրյալ ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից հավելել են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Այսօր՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը, ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ հետապնդումների նոր ալիք է սկսվելու։
