ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքները:
Ավելի վաղ` Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ»՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշական նոտա է ուղարկել ԱԳՆ-ին կից հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին։
«2026 թվականի մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որը վերաբերում է բոլոր ռուսաստանցիների համար սրբազան տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվային հարվածելու Կիևի ռեժիմի սպառնալիքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանը առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել այս հայտարարությանը և ապահովել Կիև քաղաքից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմի, ինչպես նաև քաղաքացիների նախօրոք տարհանումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիևին պատասխան հարված հասցնելու անխուսափելիության հետ, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ, եթե Կիևի ռեժիմն իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը Մեծ հաղթանակի տոնակատարության օրերին»,- նշված է նախազգուշացնող նոտայում։
Նրա խոսքով՝ արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն այդ մասին նաև տեղեկացնում են այն երկրներին, որտեղ ծառայություն են իրականացնում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:
Նա հիշեցրել է, որ ամեն ինչ սկսվել է Զելենսկու՝ Երևանում կատարած հայտարարություններից հետո։
«2026 թվականի մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Կիևի վարչակարգի ղեկավար Զելենսկին իրեն թույլ տվեց ագրեսիվ և սպառնալից հայտարարություններ անել Մոսկվայում Հաղթանակի օրվա սուրբ տոնն ահաբեկչական գործողություններով խափանելու մտադրության մասին։ Ընդ որում, ներկա էին ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ։ Նրանցից ոչ մեկը չսաստեց Կիևի ռեժիմի պարագլխին»,- նշել է Մարիա Զախարովան։
Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց նախազգուշացում, որը պատասխանն էր Զելենսկու ագրեսիվ մտադրությունների: Զախարովան ընդգծել է, որ դա արվել է հենց որպես պատասխան քայլ:
«Եթե ԵՄ երկրներում կարծում են, որ իրենց կհաջողվի խլացնել հրապարակայնորեն հնչած սպառնալիքները, այսպես ասած` ծածկադմփոց անել Զելենսկու ագրեսիվ հայտարարությունները, ապա նրանք չարաչար սխալվում են։ Մենք քաջատեղյակ ենք Արևմտյան հավաքական փոքրամասնության վերաբերմունքին մայիսի 9-ի նկատմամբ. նրանք համակարգված կերպով ոչնչացնում են խորհրդային ժառանգությունը, արտաշիրիմում են խորհրդային զինվորների աճյունները, վերաշարադրում և ջնջում պատմությունը։ Հենց նրանք, զինելով Ուկրաինային, մեղսակից են Կիևի ռեժիմի հանցավոր ծրագրերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա կարծիքով՝ այս դեպքում նրանց մոտ չպետք է լռի ինքնապահպանման բնազդը։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ագրեսիայի, այլ դրան անխուսափելի պատասխանի դիրքերից։ Ահա այսպես պետք է ընկալել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մայիսի 4-ի հայտարարությունը և դրան հաջորդող քայլերը:
Sputnik Արմենիա
