Սա սուրբ ամսաթիվ է։ Ռուսաստանի, Հայաստանի և Խորհրդային Միության բոլոր դաշնակից հանրապետությունների մեր ժողովուրդները վճռորոշ ավանդ են ներդրել նացիզմի ու միլիտարիզմի դեմ տարած համընդհանուր համաշխարհային հաղթանակում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հաղթանակի նշանակությունը չի անհետանում։ Այն ամենը, ինչ այսօր կատարվում է աշխարհում, և այն իրադարձությունները, որոնց ականատեսն ենք մենք, փաստում են, որ 1945 թվականին կատարվածի արդիականությունը չի կորչում։ Ավելին, այն դասերը, որոնք մենք քաղել ենք այդ սարսափելի ու մեծ իրադարձություններից, այսօր առավել քան պահանջված են։ Մեր երկրներն ու ժողովուրդներին միավորող կարևորագույն արժեքներից մեկը հենց հարգանքն է այն անձանց հիշատակի հանդեպ, ովքեր մեզ համար նվաճել են այս հաղթանակը՝ հնարավորություն տալով ապրել խաղաղ, արժանապատիվ ու ազատ կյանքով։ Եվ մենք իրավունք չունենք սա մոռանալու։ Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր այստեղ ենք մեր մի շարք բարեկամ երկրների դեսպանատների գործընկերների հետ։ Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրության մեջ այս իրադարձության ընկալումն ու կարևորությունը պահպանվում են և չեն թուլանում։
Շատ կարևոր է, որ այստեղ շատ երիտասարդների ենք տեսնում, քանի որ հիշողության այս էստաֆետը նոր սերունդներին փոխանցելը չափազանց էական է մեր համար, քանի որ շատ մոտ ապագայում նրանցից է կախված լինելու մեր երկրների ու մոլորակի ճակատագիրը։ Դա մեր բարոյական պարտքն է։ Եվ, իհարկե, առիթից օգտվելով՝ ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել մեր վետերաններին։ Նրանք, ցավոք, գնալով քչանում են, բայց մնում են այն սխրանքի, հայրենասիրության ու մարդասիրության կենդանի օրինակն ու վկան, որը մեր նախնիները դրսևորել են այդ տարիներին»,- նշել է Ռուսաստանի դեսպանը։
News.am
