Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Երբ դեսպանին հրավիրում են ու հանձնում են նոտա, դա արդեն ճգնաժամ է։ Այստեղ ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Խնդիրն այն չէ, որ մենք անցկացրել ենք Եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, այլ այն, որ ռուսական կողմը հստակ ձևակերպում է տվել՝ մենք տրամադրել ենք հարթակ, որտեղից խոսել է Զելենսկին ու սպառնացել Ռուսաստանին։ Կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է»,– ասաց Հարությունյանը։
Նախկին դեսպանի խոսքով՝ միջպետական հարաբերություններում պարբերաբար լինում է լարվածություն, սակայն նախկինում եղել են քննարկումներ ու պարզաբանումներ։
«Իրենք ասել են, մենք ասել ենք այն, ինչը ճիշտ ենք համարել, կամ պարզաբանել ենք, որ այս կամ այն հարցում ընկալումը սխալ է։ Սա է դիվանագիտությունը։ Բայց որ խնդիրների մասին խոսվի պետության առաջին դեմքի՝ Պուտինի մակարդակով, երբ նա հանդիպեց ՀՀ վարչապետին, առաջին անգամ է»,– նշեց Հարությունյանը։
Sputnik Արմենիա
