Логотип

Ոստիկանություն․ Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19-ամյա վարորդը ձերբակալվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19–ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։

«Մայիսի 6–ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19–ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։

ՀՀ գլխավոր դատախազություն էլ հայտնել էին, որ 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով։

Sputnik Արմենիա