Логотип

Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազը. դատախազությունը հաստատեց

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Արարատի մարզի դատախազի պաշտոնանկության մասին երեկ գրել էին լրատվամիջոցները։

«Պողոսյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,– Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։

Երեկ` մայիսի 7-ին, տեղեկացրել էինք, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։

Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորվել են 2 ամսով։