Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անձամբ Հակոբյանը:
«Տնային կալանքը խափանման միջոցը փոխվել է գրավով և վարչական հսկողությամբ»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի` սպանության գործով դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել ցուցմունքը և տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
Փաստաբան Լիանա Գասպարյանը վստահեցրել էր, որ տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։
Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր մարտի 7-ին:
Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններից է։
