Логотип

«Քաղաքացու օրվա» համար որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 20 մլն 422 հազար դրամ»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Այդ օրը` ապրիլի 25-ին, մի շարք միջոցառումներ իրականացվեցին Երևանում և մարզերում։ Օրվա ավարտին օտարեկրացի և հայ երգիչների մասնակցությամբ մեծ համերգ կայացավ Երևանի Հանրապետության հրապարակում։ Մենք հարցրել էինք նաև, թե որքան է կազմել համերգին մասնակցած երգիչների և երաժիշտների հոնորարները, և տնտեսվարողներն իրենց տաղավարները տեղադրելու համար որքան գումար են վճարել պետբյուջե։

Վարչապետի աշխատակազմից այս հարցերին չեն պատասխանել։ Միջոցառումների կազմակերպման ծառայություններին ծանոթանալու համար մեզ ուղղորդել են armeps.am/ppcm կայք, որտեղ միայն ընդհանրական տեղեկություններ են հրապարակված։

Այնուամենայնիվ, մենք նշված հարթակից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2 պայմանագիր է կնքել տարբեր անհատ ձեռներեցների հետ` «Ստեփան Կույումջյան Միհրանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը կազմել է 13 մլն 222 հազար 223 դրամ) և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը` 7 մլն 200 հազար դրամ)։

Այդ օրվա միջոցառումների տեխնիկական բնութագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հանրապետության ամբողջ տարածքում պետք է հանրային քննարկումների համար 101 հարթակ լիներ։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը ապրիլի 25-ին նախորդող 1 շաբաթվա ընթացքում և միջոցառման օրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական հարթակներով տեղեկատվական արշավ պետք է իրականացներ՝ ներառելով առնվազն 2 ինֆլյուենսերի, որոնք պետք է 1,5 րոպեում 4-5 տեսահոլովակով իրազեկեին սպասվելիք հանրային քննարկումների մասին։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը «Քաղաքացու օրը» հանրային քննարկման բոլոր հարթակներում պետք է ապահովեր անհրաժեշտ պարագաներով։ Տեխնիկական բնութագրում նշվում է, որ առնվազն 10 000 հատ կրծքանշան պետք է լիներ, առնվազն 4000 շիշ 0,5 լ տարողությամբ ջուր, մեկանգամյա թղթե բաժակներ՝ առնվազն 9000 հատ։

Կազմակերպությունը պետք է մատուցեր նաև տրանսպորտային ծառայություններ՝ բանախոսների, մոդերատորների, ինչպես նաև մասնագիտական խմբի առավելագույնը 8 անդամի տեղափոխումը դեպի 8 հանրային քննարկման հարթակ և վերադարձը: