Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ողջունում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Իսրայել Պետության պատմական որոշումը։
Սփյուռքյան կազմակերպության հայտարարության մեջ արձանագրվում է, որ այս երկար սպասված քայլը կարևոր առաջընթաց է պատմական ճշմարտության հաստատման ճանապարհին՝ ի հեճուկս այն ճնշումների, ահաբեկումների և պետականորեն հովանավորվող ժխտողականության, որոնք Թուրքիան ավելի քան մեկ դար դրել է իր արտաքին քաղաքականության հիմքում։
CCAF-ից հավելել են, որ այս ճանաչումը նաև կարևոր բարոյական հատուցում է XX դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի, ինչպես նաև նրանց սերունդների համար, ովքեր ավելի քան հարյուր տարի անդուլ պաշտպանել են անհետ կորածների հիշատակը, արդարությունն ու ճշմարտությունը։
«Այս պայքարը մնում է ավելի քան արդիական։ Հայերի բնաջնջումն ու տեղահանումն իրենց բնիկ հողերից, ցավոք, սոսկ անցյալի մնացուկ չեն։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները վառ հիշեցումն էին այն բանի, որ պանթյուրքիստական գաղափարախոսությունն ու ատելության քաղաքականությունը շարունակում են գոյութենական սպառնալիք ներկայացնել հայ ժողովրդի համար։ Հատկապես կարևոր է, որ Իսրայել Պետությունը, որը հառնել է Հոլոքոստի մոխիրներից և կրում է բնաջնջման համընդհանուր հիշողությունը, որոշեց խզել կապերը ռեալպոլիտիկի (իրական քաղաքականության) նկատառումների հետ և այս հանցագործությունն անվանել իր անունով։
Ինչպես հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը. «Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»։ Այս հայտարարությունն ընդգծում է հիմնարար ճշմարտությունը՝ լռությունն ու ժխտումը երբեք չեն պահպանում խաղաղությունը, ընդհակառակը՝ դրանք նպաստում են հանցագործությունների կրկնությանը», – ասված է CCAF-ի հայտարարության մեջ։
Այնուհետև նշվում է, որ այս որոշմամբ Իսրայելը վերահաստատում է իր հավատարմությունը արդարության, ճշմարտության և պատասխանատվության արժեքներին, որոնցով նա առաջնորդվել է իր ստեղծման ժամանակ։ «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նա հաստատում է, որ զոհերի հիշատակը չի կարող ստորադասվել պահի դիվանագիտական շահերին», – հավելել են հայկական կազմակերպությունից։
CCAF-ը հույս ունի, որ այս պատմական որոշումն, իր հերթին, կդրդի Թուրքիային անցնել ճշմարտության որոնման իրական գործընթացի։ «Անկարայի համար ժամանակն է դադարել լինել երիտթուրքերի առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքական ժառանգորդը, հրաժարվել ցեղասպանության հանցագործներին փառաբանելուց և վերջապես ճանապարհ հարթել դեպի հաշտեցում, որը հիմնված կլինի փաստերի ճանաչման, արդարության և զոհերի հիշատակի հարգման վրա։ Ճշմարտության ճանաչումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ։ Ընդհակառակը, դա անհրաժեշտ պայման է ժողովուրդների միջև տևական խաղաղության և ապագա հանցագործությունների կանխարգելման համար», – ամփոփել են կազմակերպությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն Ցեղասպանություն է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։ Նախաձեռնությունը հանդես էր բերել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Կնեսետի հաստատմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Իսրայելի այս նախաձեռնության խիստ քննադատությամբ։
Արմինֆո
