Логотип

Maariv․ Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանը

Իսրայելական Maariv թերթը նյութ է նվիրել Թուրքիայի ռազմական ներուժի սրընթաց ամրապնդմանը։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այսօր Անկարան Իսրայելի համար ավելի լուրջ ռազմավարական մարտահրավեր է ներկայացնում, քան Իրանը, զինված ուժերի լայնածավալ արդիականացման և սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շնորհիվ։

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո թվաքանակով երկրորդ բանակն ունի։ Նրա զինված ուժերի թվաքանակը կազմում է մոտ 480 հազար զինծառայող՝ առանց պահեստազորի հաշվառման։ Ցամաքային զորքերի սպառազինության մեջ կա մոտ 2 200 տանկ, այդ թվում՝ գերմանական Leopard 2A4-ներ և ազգային մշակմամբ ստեղծված Altay հիմնական մարտական տանկը։

Maariv-ը հատուկ ուշադրություն է հատկացրել Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրին։ Այսօր Թուրքիան ինքնուրույն արտադրում է իր բանակին անհրաժեշտ սպառազինության և ռազմական տեխնիկայի մոտ 80 տոկոսը։ Այս ցանկում ներառված են անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, հրթիռներ, նավեր և հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգեր։

«Անվտանգության տեսանկյունից Թուրքիան ստեղծել է ժամանակակից բանակ և անկախ ռազմարդյունաբերություն՝ առաջատար, բարձր տեխնոլոգիական և աներևակայելիորեն տպավորիչ։ Այս ճյուղը վերածվել է տնտեսական աճի շարժիչի և դիվանագիտության բարձրակարգ գործիքի։ Պարզապես անհավանական է, թե ինչ հաջողությունների է կարողացել հասնել Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում»,– նշել է նյութի հեղինակը։

Հրապարակման համաձայն՝ Թուրքիան արտերկրում ունի ռազմական օբյեկտների ցանց, ներառյալ բազաներ Կատարում, Սոմալիում, Հյուսիսային Կիպրոսում, Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաև պահպանում է ռազմական ներկայություն Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Maariv-ը առանձին հիշատակել է նաև թուրքական «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) դոկտրինը, որը նախատեսում է Անկարայի ազդեցության ընդլայնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Էգեյան և Սև ծովերում։ Պարբերականի կարծիքով՝ այս ռազմավարության իրականացումը փոխում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և «մարտահրավեր է նետում Հունաստանի և [Հարավային] Կիպրոսի ծովային սահմաններին, որոնք Իսրայելի ռազմական դաշնակիցներն են թուրքական հսկայի դեմ»։

News.am