Логотип

Nissan Rogue-ում մահվան ելքով պատահարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ

Այսօր՝ հունիսի 29-ին, Արարատի մարզի Սուրենավանի վարչական տարածքում ողբերգական դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ՝ «դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։