Последние новости

ԲԵՐՁՈՐ. ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՏԱԳՆԱՊ

Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչները հանկարծ տեղականում են, որ համայնքներն անցնում են  ադրբեջանցիների իրավասության ներքո։ Մինչ այդ մարդիկ համոզված էին, որ շարունակելու են ապրել հարազատ բնակավայրում, իրենց ծննդավայրում, իրենց տներում, նույնիսկ տանիք էին տվել շրջանի հյուսային գյուղերից տեղահանված բնակիչներին, հարակից գյուղերից քաղաք էին տեղափոխել իրենց ու մյուս հայրենակիցների ունեցվածքի մի մասը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած հայտարարության համաձայն, Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը կանցի Ադրբեջանին։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, որ երեկ մարդկանց մտահոգություններն անհիմն էր որակում, նպատակը՝ խուճապ տարածելը, այսօր ինքն էլ մտահոգ է։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, առաջիկա օրերին մարդիկ լքում են ու պատրաստվում են լքել քաղաքը։ Եթե ղեկավարումն անցնի ադրբեջանցիներին, ապա անվտանգության որևէ երաշխիք չկա։

«Չեմ պատկերացնում, թե ոնց պետք է կազմակերպվի բնակիչների տեղահանումը։ Անգամ ես ինքս մի քանի օր առաջ իմ մեղվաընտանիքները հյուսիսային գյուղերից իջեցրել եմ Բերձոր։ Հիմա չգիտեմ, եթե դուրս գամ քաղաքից, մի քանի օր հետո քաղաք մտնելու հնարավորություն կունենա՞մ, կարո՞ղ եմ դուրս բերել որևէ բան։ Ասեմ ավելին, մարդիկ, որ պատերազմի օրերին իրենց գույքն անվտանգությունից ելնելով տեղափոխել էին Հայաստան, նորից հետ էին բերել»,-ասաց քաղաքապետը։

Ալեքսանյանը կատարվածում իր ու համաքաղաքացիների մեղքն է փնտրում, գուցե իրենք են սխալ հասկացել, որ կարող էին ապրել Բերձորում։

Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական հրապարակված Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձոր քաղաքան ու Աղավնո գյուղը չկան։ Ավելին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 11-ին Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում էր ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքն իրենց տներից:

«Մարդիկ ասում են՝ մենք չենք կարող մնալ, ամեն մեկն իր միջոցներով, իր կարողության չափով փորձում է գույքը դուրս բերել»,-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ բնակիչներին օգնելու գործին են լծված նաև կամավորներ։

Շուշիի ազատագրումից հետո Արարատի Նոր Կյանք գյուղից ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Սմբատ Թաթոսյանն ու նրա ընկերների ընտանիքները բնակություն էին հաստատել Բերձորում, ուզում էին ապրել ու շենացնել ազատագրած հայրենիքը։ Ազատամարտիկի դուստրը՝ Նելլին այս պահին էլ Բերձորում է, շրջանի վարչակազմի հորդորով վերադարձել էր աշխատանքի։

Ասում է՝ շատ գույք չունի դուրս բերելու, եղած կարևոր իրերը դեռ պատերազմի օրերին էր Հայաստան ուղարկել, մնացած մասն էլ անլույս ու անոստիկան մնացած Բերձորում թալանել են, կոտրել են բնակարանների, տների դռները, ընկերուհու տանից տարել են նույնիսկ նկարի ալբոմները...

«Երկու բնակարան ունեմ Բերձորում, Քարիգանում մայրս տուն ունի... Ի՞նչ անենք։ Ես վստահ եմ, եթե Բերձորւոմ հայ չմնա, ապա երկու օր հետո Քարիգանից թուրքը կմտնի Բերձոր, իր հավանած տան դուռը կբացի ու կսկսի մեջն ապրել։ Սա էլ Բերձորը հայաթափելու ու թուրքին տալու այլ կրեատիվ մոտեցում էր»,-ասում է Նելլին։

Նրա խոսքով, քաղաքի բնակիչներն իրար են անցել, փորձում են իրենց գլխի ճարը տեսնել։

«Մի անտերություն է, դեմը ցուրտ, ձմեռ, ամենուր տնից-տեղից զրկված մարդիկ են, ոչ մի սոցաջակցություն, ոչ մի օգնություն մարդկանց իրերը տեղափոխելու համար։ Հիմա բոլորս վարձով տուն ենք փնտրում, բնակվելու տեղ, ու ոչ մեկ չի ասում՝ ժողովուրդ մենք ձեզ ապրելու տեղով կապահովենք»,-խնդիրները ներկայացնում է կինը։

Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ որևէ հաստատված բան այս պահին չկա։

«Այս պահին հայտնի է, որ քննարկվում է միջանցքը ադրբեջանցիների իրավասության ներքո անցնելու տարբերակը։ Բայց դա դեռ վերջնական որոշում չէ։ Արցախի դիվանագիտական կորպուսը ջանք ու ջիղ չի խնայում, որպեսզի դա լինի հայկական։ Ես էս շրջանի ղեկավարն եմ, չեմ պատրաստվում կաբինետը լքել անկախ ամեն ինչից»,-ասաց Ալավերդյանը։

Նա չգիտի՝ ում հետ է բանակցում Արցախի դիվանագիտական կորպուսը՝ ռուսների՞, ադրբեջանցիների՞, հայաստանցիների՞, միայն տեսնում է, որ մարդիկ տագնապային տրամադրություններ ունեն։

«Աստված տա ելքը լինի դրական մեր ազգի համար, նորից մարդկանց հետ կտեղափոխենք»,-ասաց նա։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ