Последние новости

Փորձագետը Հայաստանի և Աբխազիայի միջև երկաթգիծ բացելու հնարավորությունների մասին

Կարելի է ասել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայով երկաթուղային հաղորդակցություն բացելու առաջարկը գալիս է Մոսկվայից, հաշվի առնելով, թե որքան հաճախ է ՌԴ-ն ընդգծում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Այս մասին փետրվարի 10-ին News.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Ըստ փորձագետի, այս փաստը էապես մեծացնում է Աբխազիայի կողմից երկաթգիծը բացելու հավանականությունը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանի շահերի տեսանկյունից, այս առաջարկը, ի տարբերություն Մեղրիի միջանցքի, շատ ձեռնտու է, քանի որ դրանով ապահովվում է տրանսպորտային կապը Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ:

«Հարցն այն է, թե որքանով է այդ գաղափարը լիովին իրագործելի, քանի որ հարցը սերտորեն կապված է Վրաստանի դիրքորոշման և հավանության հետ: Հիմա դժվար է ասել՝ կհամաձայնի արդյոք Թբիլիսին դրան: Ադրբեջանն ու Թուրքիան տեսականորեն կարող են օգտագործել իրենց ազդեցությունը Վրաստանի վրա, որպեսզի թույլ չտան այս ճանապարհի շահագործումը: Բացի այդ, դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին: Ամեն դեպքում վերջին խոսքը կասի Վրաստանը: Եթե նա որոշի, որ դա իրեն պետք է, երկաթուղին կաշխատի»,- ասաց Միքայելյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ այս երկաթուղու բնականոն շահագործման համար Հայաստանին լուրջ ներդրումներ պետք չեն՝ ընդամենը 40 միլիոն դոլար իր տարածքում որոշ հատվածներ կառուցելու համար, վրացական կողմից ճանապարհը հիմա էլ աշխատում է: Գուցե անհրաժեշտ լինի թարմացնել և ընդլայնել հնարավորությունները, բայց դա արդեն կախված կլինի շատ այլ գործոններից:

«Երկարաժամկետ հեռանկարում երկաթուղու բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, այն պայմաններ կստեղծի արտադրական ոլորտի առավել ակտիվ զարգացման համար, ինչպես նաև օգտակար կլինի արտահանողներին: Եթե այս հնարավորությունը գրագետ օգտագործվի, ապա երկարաժամկետ հեռանկարում կարելի է բարելավել Հայաստանի ՀՆԱ ցուցանիշները»,- հավելեց փորձագետը:

Քաղաքական տեսանկյունից, այս գործոնը, ինչպես նշեց Միքայելյանը, կհավասարակշռի բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա կարծում եմ՝ մինչև Մեղրիի միջանցքը չբացվի, Բաքուն թույլ չի տա, որ Երևանը տեղափոխի իր տարածքով: Բացի այդ, ես այստեղ Հայաստանի համար տնտեսական որևէ հեռանկար չեմ տեսնում»,- եզրափակեց Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային` հայտարարելով, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ