Последние новости

ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ. «ՈՐՏԵՂ ԿԱ ՍԵՐ, ԱՅՆՏԵՂ ՄԻՇՏ ԿԱ ԿՅԱՆՔ»

Լիբանանահայ անվանի երաժիշտ Զաքար Քեշիշյանի հետ պայմանավորվեցինք հանդիպել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում, ուր նա հանգրվանել էր մեկ ամսից ավելի առաջ: Համաճարակի, ապա պատերազմի հետ կապված ընդմիջումից հետո Զաքարը վերջապես վերադարձավ Արցախ, որպեսզի վերսկսի աշխատանքը իր իսկ ստեղծած «Վարանդա» երգչախմբի հետ: Խմբավարը նախաձեռնել է համերգների շարք, որոնց արձագանքը պետք է հասնի իր հարազատ Շուշի: Հենց այնտեղ է մնացել ոչ միայն մաեստրո Քեշիշյանի տունը, որը պատերազմից հետո թալանել են ադրբեջանցի զավթիչները, այլ նաև նրա անսահման սերը դեպի Շուշի, շուշեցիները և իր աշակերտները, որոնք զոհեր տվեցին պատերազմի դաշտում:

 Закар КЕШИШЯН: 'ГДЕ ЛЮБОВЬ, ТАМ ВСЕГДА ЕСТЬ ЖИЗНЬ'

«ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԻԶՄՈՎ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ և մոնտաժել այս տեսանյութը: Միանգամից հասկացվում է, որ այն ոչ թե զինվորներն են նկարահանել, այլ մասնագիտացված մի խումբ, որը շատ լավ տեղյակ է, թե ում բնակարանն է մտնում, և ցանկանում է զայրացնել տան տիրոջը՝ ինձ, - ասաց Զաքարը, ցույց տալով ինտերնետում տեղադրված տեսանյութը, որտեղ պարզ երևում է իր՝ արդեն դատարկ բնակարանը: Իրերից մնացել էին միայն մեծ բազմոցը, որը թշնամին չի կարողացել դռնից դուրս հանել և վայրագորեն կոտրած դաշնամուրը: - Մի բան չեմ հասկանում. ինչու՞ են «հաղթողները» այդպես վախեցել երաժշտական ​​գործիքից: Միևնույն է ես և իմ «Վարանդա»-ն երգելու ենք, և այնպես, որ կրկին արթնացնենք Ղազանչեցոցի զանգերը...»

Զաքար Քեշիշյանի հետ հարցազրույցս երկար չտևեց. մեծ հարգանք վայելող մաեստրոն շտապում էր երաժշտական դպրոց, ուր նրան սպասում էին պատանի երգիչները: Պարոն Զաքարը նոր խումբ էր հավաքել`«Երգող Արցախ» նախագծին մասնակցելու համար: Իսկ նախօրեին նա և «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդես եկան «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» համերգային ծրագրով, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին: Զաքար Քեշիշյանը ներկայացավ ոչ միայն որպես խմբավար, այլ նաև մենակատար: Նրա կատարմամբ շվիով և դուդուկով բեմից հնչեցին Կոմիտասի, Ա.Բաբաջանյանի, Խ.Ավետիսյանի, Ա.Հարությունյանի, Գ.Հախինյանի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ժողովրդական մեղեդիներ ու երգեր: Նվագակցում էր դաշնակահարուհի Նադեժդա Հակոբյանը: Երեկոն զարդարեցին նաև «Վարանդա»-ի երիտասարդ երգչուհիները, որոնց հոգու խորքից եկող ձայները հուզեցին ունկնդրին: Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը շնորհակալագիր հանձնեց Զաքար Քեշիշյանին` Արցախում մշակույթի զարգացման և հայրենանվեր գործում ունեցած 30-ամյա ավանդի համար:

«Համերգը նաև նպատակ ուներ աջակցելու մեր զինվորներին, որոնք այսօր էլ՝ ամենադժվար պայմաններում կանգնած են Արցախի սահմաններին և պաշտպանում են բոլորիս թշնամու ոտնձգություններից», - պարզաբանեց մաեստրո Քեշիշյանը: «Մշակույթով Արցախին ու արցախցուն շուրջ երեսուն տարվա իմ ծառայությունը համարժեք է այս պահին սահմանին կանգնած զինվորի ընդամենը մեկ րոպեին» - նրա բեմից հնչած այս խոսքերը արագ տարածվեցին ամբողջ Արցախով: Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը լեփ-լեցուն էր՝ նստելու տեղ չկար և անգամ 50-ից ավել ունկնդիր՝ Արցախից և Հայաստանից մոտ երկու ժամ կանգնած ըմբոշխնում էին համերգը: Բոլորը ցանկանում էին վարակվել հույսի էներգիայով, վաղվա օրվա հանդեպ հավատով և դեպի հայոց աշխարհը անսահման սիրով, որը բխում էր երգչախմբից: Ինչպես նշեց ԼՂՀ վաստակավոր արտիստ, քանդակագործ Լավրենտ Գալայանը, «այս երաժշտական երեկոն, որը մեզ նվիրեց մեր սիրելի Զաքարը, հանգստություն պարգևեց այսօր դահլիճում հավաքված արցախցիների հոգիներին և ցույց տվեց մեզ միակ ճիշտ ճանապարհը` ապրել, հավատալ և չհանձնվել»:

 

 Закар КЕШИШЯН: 'ГДЕ ЛЮБОВЬ, ТАМ ВСЕГДА ЕСТЬ ЖИЗНЬ'

ԱՅՆ, ՈՐ ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՍԻՐՎԱԾ Է ԱՐՑԱԽՈՒՄ, հնարավոր չէ չնկատել:  Մեր՝ հյուրանոցից երաժշտական ​​դպրոց քայլելու 10 րոպեյվա ընթացքում, Զաքարը հասցրեց բարևել թե անցորդների և թե մեքենաների պատուհաններից նայող, խանութներից դուրս եկող, սրճարաններում նստած բազում մարդկանց: Եվ դա զարմանալի չէ. Զաքար Քեշիշյանը առաջիններից էր, ով հեռավոր 1992-ին, լսելով Շուշիի ազատագրման լուրը, շտապեց Արցախ և իր շուրջ հավաքեց արցախցի երեխաներին, պատանիներին, երիտասարդներին: Պարոն Զաքարը հիմնեց «Վարանդա» երգչախումբը տարբեր տարիքային կազմերով և կրթեց մի քանի սերունդ պատանի երգիչների: Շուրջ 30 տարի նա ամեն ամառ երկու ամսով իր հաշվին գալիս էր Շուշի, երգչախմբի հետ փորձեր անում, համերգներ կազմակերպում Ստեփանակերտի, նաև Արցախի այլ քաղաքների դահլիճներում և զորամասերում, իսկ վերջին օրը իր աշակերտների համար կազմակերպում էր զվարճալի հանգիստ և հյուրասիրություն:

Այս տարի խնջույքի փոխարեն երգչախումբը որոշեց համերգից հետո դուրս գալ Հերոսների պուրակ, որտեղ կատարեց «Վարանդայի» համար ավանդական դարձաց՝ Ռ.Ամիրխանյանի  «Երազ իմ երկիր» երգը: Արցախի վերջին պատերազմում Զաքարը կորցրել է բազմաթիվ հարազատներ ու ընկերներ: Կռվի դաշտում մնացին նրա 5 նախկին աշակերտները, երգչախմբի երեք երգչուհիների ամուսիններն ու եղբայրները, ավելի քան 30 ընկերներ և հարևաններ, բազմաթիվ մշակութային գործընկերներ և համախոհ հայրենասերներ: Զոհվածները, ցավոք, համալրեցին 1992-94թթ. առաջին Ղարաբաղյան պատերազմում ընկած Զաքարի մտերիմների շարքերը:

«Այսօր մեր պայծառ երգիչ-տղաներից յուրաքանչյուրը` այս դահլիճում է: Նրանք՝ մեր մտքերում ու սրտերում երգում են իրենց բոլոր չերգված երգերը, - ասաց Զաքարը և հավելեց. – Ինչպես գրել է «Ձորի Միրո» վիպակում Մուշեղ Գալշոյանը՝ կյանքի ամենամեծ կորուստը մարդ կորցնելն է, հողը կարելի է վերադարձնել: Եվ մենք հավատում ենք, որ մի օր Շուշիում կրկին կփայլի Ղազանչեցոցի գմբեթը, այնտեղ կհնչի հայոց խոսքն ու երգը, հայկական մեղեդին»:

Ցավոք, այսօր նախկին «Վարանադա» երգչախմբի կազմը սակավացել է: Պարոն Զաքարի աշակերտների ընտանիքներից մի մասը Շուշիի կորուստից հետո տեղափոխվել են Երևան, Գյումրի, Գորիս, Էջմիածին և Հայաստանի այլ վայրեր, իսկ ոմանք՝ Ռուսաստան: Բայց Զաքարը կարծում է, որ շատերը կվերադառնան Արցախ, երբ այնտեղ ավարտվի ներքին տեղահանվածների համար նախատեսված տների կառուցումը: Չէ որ «Վարանադա»-ի ավագ անձնակազմը մաեստրոյի առաջին իսկ կանչով հավաքվեց Ստեփանակերտում և սկսեց պատրաստվել համերգային երեկոյին:

 

ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ և Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից աջակցություն ձեռք բերած «Երգող Արցախ» նախագծին, այն իր շուրջ հավաքել է ոչ միայն «Վարանդա»-ի երիտասարդ երգիչների, այլև մասնակիցների նոր կազմ՝ Ստեփանակերտից և Արցախի գրավյալ տարածքներից: Շուշիի, Հադրութի, Քարինտակի և հանրապետության այլ բնակավայրերի պատանիներն մեծ ուրախությամբ պատրաստվում էին մի շարք համերգների, որոնցից առաջինը անցկացվեց կառավարության մակարդակով սեպտեմբերի 2-ին և նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին: Իսկ հաջորդ օրը Ստեփանակերտի Մշակույթի և Երիտասարդության պալատի դահլիճը իր դռները բացեց լայն հասարակության առջև՝ հնարավորություն ընձեռելով լսելու նոր երգչախմբի ելույթը: «Երգող Արցախ»-ի մասնակիցներին Զաքար Քեշիշյանը ևս սովորեցնում է սիրել երգն ու երաժշտությունը, հայոց մշակույթը, նախնիների երկիրը: Սեպտեմբերի 7-9-ը նախագծի շրջանակում համերգներ կազմակերպվեցին նաև Արցախի դպրոցականների համար: Համերգներից մեկը Զաքար Քեշիշյանը նվիրեց իր ընկերոջ՝ ձձ-օրյա պատերազմում զոհված անվանի օպերային երգիչ Գրիգոր Հաջյանի հիշատակին; Բոլոր երաժշտական ​​երեկոներն անվճար էին, ծրագիրը ներառում էր հայրենասիրական, ժողովրդական, մանկական և նույնիսկ հումորային երգեր՝ հայ ժողովրդին բնորոշ խորհրդանշական ուղերձներով լի: Դրանք են՝ սիրել Հայրենիքը, շարունակել պայքարը հանուն նրա ազատության և բարգավաճման, չկորցնել հավատը ապագայի նկատմամբ:

«Անցած պատերազմը, ցավոք, ցույց տվեց, որ մեր հայրենասիրությունը հիմնված է անհատների վրա, ովքեր պատրաստ են կյանքի գնով պայքարել հանուն Հայրենիքի: Իհարկե Հայաստանի և Սփյուռքի հայությունն աջակցեց Արցախին և հայ զինվորին, բայց մեզ չհաջողվեց ստեղծել միասնական ոգի, ապահովել այն ինտելեկտով և համընդհանուր հայրենասիրությամբ, - կարծում է մաեստրո Քեշիշյանը: - Մենք այսօր պետք է դասեր քաղենք մեր հին և նոր պատմությունից ու, հավատալով արդարության հաղթանակին, օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժը, որպեսզի ամուր հիմքի վրա կառուցենք Հայոց ապագան նոր սերունդների համար»:

«Հայրենիքը միայն տուրիզմի ու նկարվելու համար չէ», - շարունակեց Զաքարը՝ կոչ անելով բոլոր հայրենակիցներին ակտիվորեն այցելել Արցախ: - Այո, այսօր Սփյուռքը խաբված է Հայաստանի իշխանություններից և նրանց «Հաղթելու ենք» կարգախոսից: Բայց Սփյուռքը գիտի տարբերությունը Հայրենիքի և իշխանությունների միջև, նա հավատարիմ է իր ժողովրդին և շարունակելու է թե ֆինանսապես թե քաղաքական դաշտում մնալ Հայաստանի և Արցախի կողքին»:

Հավելեմ, որ Զաքար Քեշիշյանը նաև Լիբանանում հիմնադրված և Ղարաբաղյան շարժման հասակակից համարվող «Արցախ» հիմնադրամի անդամ է: Հիմնադրամը իր գործունեության տարիների ընթացքում ակտիվորեն օգնել է Արցախին տարբեր ուղղություններով՝ կահավորել է մի շարք դպրոցներ, տրամադրել անհրաժեշտ դպրոցական պարագաներ, գրենական պիտույք, համակարգիչներ, իրականացրել ֆինանսական աջակցություն բազմաթիվ ծրագրեր: «Արցախ» հիմնադրամը անմասն չի մնացել նաև տնտեսության ոլորտից, օգնել է գյուղացիներին կազմակերպել իրենց աշխատանքը, Սփյուռքում իրականացրել է արցախցի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ, Արցախի մասին ֆիլմեր նկարահանել և տարածել աշխարհով մեկ: Եվ սա հիմնադրամի կատարած դեռ ամբողջ աշխատանքը չէ:

ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՐՑԱԽԻ ԿՐԹՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ անց էր կացնում «Ասպետ» մարզահայրենասիրական ճամբարային դասընթացները: Յուրաքանչյուր տարի այս ճամբար Լիբանանից գալիս էին 20-25 հայ դպրոցականներ: «Ասպետում» նրանք սովորում էին ապրել բանակային պայմաններում, զբաղվում էին տարբեր մարզաձևերով և մարտարվեստներով, ռազմական գիտելիքներ էին ձեռք բերում: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 150 պատանի կրթություն է ստացել «Ասպետ»-ում: «Արցախ» հիմնադրամը ձեռք մեկնեց հայրենիքին նաև 2020 թ. Արցախյան պատերազմի օրերին: Չնայած Լիբանանում տիրող տնտեսական ճգնաժամին, հիմնադրամը Արցախին տրամադրեց ամեն տեսակի օգնություն: Այսօր հիմնադրամի ղեկավարությունը Արցախի կառավարության և գերատեսչությունների հետ քննարկում է համագործակցության նոր ձևաչափեր՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները:

«30 տարիների ընթացքում միակ տարին, երբ ես չեկա Արցախ, անցյալ «համավարակային» տարին էր: Երբ այս ամառ գալիս էի Արցախ մեծ ցավ ապրեցի Շուշիի կողքով անցնելիս, գիտակցում էի, որ չեմ կարող մտնել իմ հարազատ քաղաքը, գրկել այն, հիշում էի, որ այս ճանապարհին են ընկել մեր հերոս-զինվորները...Բայց հետո հանդիպեցի արցախցիների հետ, որոնք միտք չունեն լքել հայրենիքը, սեղմած ատամներով շարունակում են ապրել վիրավոր Արցախում և հավատալ ապագա և վերջնական հաղթանակի գալուն: Ես հասկացա, որ պետք եմ իրանց՝ մենք բոլորս ենք պետք: Ես անմիջապես գործի անցա և մտադիր եմ շարունակել իմ աշխատանքը Արցախում, - ասում է Զաքարը: - Մյուս ամառ ես կրկին կվերադառնամ այստեղ՝ իմ տուն, իմ հայրենիք, իմ Արցախ, կկազմակերպեմ «Վարանդա»-ի 30-ամյակին նվիրված համերգներ, կշարունակեմ իմ առաքելությունը «Երգող Արցախ» նախագծի շրջանակներում: Փառք Աստծո, այսօր երգչախմբում կան մոտ 20 տղաներ: Ոմանք արդեն ուշադրություն են դարձնում աղջիկներին: Այդ նշանակում է, որ Արցախի սրտում կրկին արթնացել է սերը: Իսկ որտեղ կա սեր, այնտեղ միշտ կա կյանք»:

Երևան-Ստեփանակերտ-Երևան

Լուսանկարիչ՝ Հայկ Պապիկյան

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОНОЛОГ ФРУНЗИКА МКРТЧЯНА 40 ЛЕТ СПУСТЯ
    2025-04-19 10:41

    В 1984 году известному киноведу, редактору, сценаристу Роберту Матосяну было сделано предложение, от которого он не мог отказаться по ряду причин. Предложение сделал не кто-нибудь, а сам Фрунзик Мкртчян – всенародно любимый и к тому времени высокорейтинговый актер СССР, чья слава давно вышла за пределы страны. Роберт и Фрунз были дружны, и отказать родному человеку в личной просьбе Матосян не мог и не хотел.

  • СОЮЗ КАМНЕОБРАБОТЧИКОВ АРМЕНИИ ЗАДАЕТ СТАРТ
    2025-04-19 10:22

    В Армении создано новое профессиональное объединение, взявшее на себя миссию развития традиционной профессии, которой наши предки занимались издревле. Речь о добыче и обработке камня, его использовании в строительстве, искусстве и других сферах. Союз камнеобработчиков Армении, как названа организация, был презентован в Ереване в присутствии представителей профессий, чья работа связана с камнем как напрямую, так и опосредованно. Поздравить основателей Союза пришли аккредитованные в Армении послы Индии, Италии, Ирана и других стран. Как отметил ведущий мероприятия Артур Гегамян, это страны, с которыми планируется организация программ по обмену опытом, что станет важным стимулом для развития сферы обработки камня в Армении. На мероприятии присутствовали представители Благотворительного фонда «Дети Армении» (COAF), Международной школы лидерства и развития профессий «Матена», бизнес-клубов и компаний, ассоциаций, общественных организаций, вузов и международных организаций.

  • КИНО КАЗАХСТАНА НА АРМЯНСКОМ ЭКРАНЕ
    2025-04-18 10:46

    Кинематограф Казахстана становится все более популярным. За последние годы онлайн порталы, предназначенные для просмотра фильмов, все больше пополняют свои базы фильмами казахских режиссеров. Более того, многожанровое казахское кино отмечено высоким рейтингом и имеет многочисленные просмотры.

  • ФОНД ВИВА: ПОМОЖЕМ ПАЦИЕНТАМ ЧЕРЕЗ ЭКРАН
    2025-04-15 10:12

    12 апреля в селе Цав региона Сюник Армении откроется первый телемедицинский пункт, оснащенный современным оборудованием для онлайн-консультаций, диагностики и мониторинга здоровья в реальном времени. Новый проект, инициированный и претворяемый в жизнь Благотворительным фондом ВИВА (Врачи И  Волонтеры – для Армении) даст возможность жителям Цава, находящегося недалеко от границы, получать квалифицированную медицинскую помощь через видеосвязь и тем самым свести к минимуму необходимость ездить к врачам в отдаленные города.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ