ՄԻՊ-ը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են. Թաթոյանը՝ ՊՆ-ին, ու ոչ միայն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն, նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
«Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգներ ու բողոքներ»,-շեշտել է Արման Թաթոյանը:
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ:
Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:
Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլևս թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:
Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։
Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաներին հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհությունների առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզբունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
«Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,-նշված է հայտարարության մեջ։
ՄԻՊ գրառման մեջ նշվում էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների գրառմանն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները, նշել էր, որ այդ պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 13:28
На заседании правления партии «Гражданский договор», состоявшемся во вторник, 19 ноября, единогласно было принято решение о том, что Овик Агазарян должен сложить депутатский мандат. Об этом пишет газета «Жоговурд» со ссылкой на свои источники.
-
2024-11-22 13:24
Недавние громкие отставки чиновников судебно-правовой сферы в Армении имели целью обеспечить граждан "зрелищем" на фоне неудач в ходе переговоров с Баку, иных задач у Никола Пашиняна нет. Такое мнение выразил бывший вице-спикер парламента, член исполнительного органа Республиканский партии Эдуард Шармазанов в ходе пресс-конференции на мультимедийной площадке Sputnik Армения.
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.