Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ Ո՛Չ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, Ո՛Չ ԸՆՏՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։
- Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հստակ գործընթաց կա, որի շրջանակներում կողմերը շուտով հատուկ ներկայացուցիչներ՝ բանագնացներ են նշանակելու: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այսօր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացին:
- Վերջին շրջանում բավականին շատ են հարցերը, որոնք չեն կարող ունենալ միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխան: Օրինակ, կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ մեզ դելիմիտացիա և դեմարկացիա պետք չեն: Այդ գործընթացը, իհարկե, մեզ պետք է, սակայն դրա իրականացման ընտրված պահը, առկա իրավիճակը, դիմացի կողմի հետ ունեցած այլ խնդիրների համախումբն այսօր այդ գործընթացը դարձնում է բավականին խնդրահարույց, եթե չասենք՝ վտանգավոր:
Նույն խնդիրն ունենք հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված: Եթե հարցը հնչում է տեսական՝ պե՞տք է արդյոք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, բնականաբար, այո՛, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք-կողքի, և, հետևաբար, պետք է գտնել այդ հարաբերությունները բնականոն հուն բերելու բանալին: Սակայն սա՝ ընդհանրապես:Հիմա փորձեմ այդ հարցը պրոյեկտել այս պահին առկա իրավիճակի վրա: Ի՞նչ ունենք մենք այսօր: Առաջին խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Այդ օժանդակությունը եղել է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եղանակով՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչի մասին շատ լավ տեղյակ էին մեր գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սրա համար Թուրքիայի առջև պե՞տք է դրվի պատասխանատվության խնդիր, պետք է այդ խնդիրը դրվի ընդհանրապե՞ս, թե՞, ավելին՝ հնարավորինս արագ, քանի դեռ այդ ամենը թարմ է և նույն միջազգային հանրության աչքերում ընկալելի կարող է լինել, հատկապես որ նրանք տիրապետում են փաստերի: Որևէ կերպ արդարացվա՞ծ է այս խնդիրը չբարձրաձայնելը: Չբարձրաձայնելն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է բերում, եթե անգամ այս իշխանությունը, ելնելով իր ձեռագրից, քաղաքական առևտրի մեջ է:
- Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլևս նախապայմաններ չի՞ թելադրելու:
- Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե նախապայմաններից հիմնականը, որը կապված էր Ադրբեջանի և արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ, կարծես թե, այսօր ունի պակաս նշանակություն, և դրանով է պայմանավորված հայ-թուրքական ներկայիս գործընթացը: Բայց ես նորից հարցը տամ՝ Թուրքիան այսօր Հայաստանի առջև դրվող նախապայմանները հանե՞լ է իր քաղաքական օրակարգից: Ես ունեմ հստակ տպավորություն, որ ոչ միայն չի հանել, այլև նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է: Շատ դեպքերում Թուրքիան, Ադրբեջանից առաջ ընկնելով, այդ խնդրի առնչությամբ տարաբնույթ պահանջներ է դնում: Էական փոփոխությո՞ւն է կրել Թուրքիայի հռետորաբանությունը: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ հնչող «մտրակի և բլիթի» քաղաքականության տարբեր էլեմենտներից «մտրակները» փորձում են մոռանա՞լ և տեսնել ինչ-որ եկած ազդակներ: Սրանք պարզ հարցեր են, որոնք եթե մենք անտեսենք, կկարողանա՞նք հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու ենք «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի և հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները: Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա և լուրջ հարցադրումներ է իր հետ բերում:
Վերջապես, Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց սկսելու տարաբնույթ դրսևորումների ականատես եղանք: Իբրև թե իրար հետ ոչ մի առնչություն չունենալով (Հայաստանի իշխանություններն անընդհատ հերքում էին, որ Թուրքիայի հետ կա ինչ-որ գործընթաց)՝ օդից որսում էին իրար հանդեպ դրական ազդակներ, ինչի համար, ի դեպ, մեծ երևակայություն է պետք ունենալ: Հետո պարզվեց, որ անգամ Վրաստանի վարչապետին են դիմել՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, ինչը հանրության համար բացահայտեց Թուրքիայի նախագահը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար եղավ ՌԴ-ի կողմից միջնորդության առաջարկ: Այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից և Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին: Այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որևէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ: Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին:
Հետևաբար, պե՞տք է արդյոք հայ-թուրքական երկխոսություն: Այո, միանշանակ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.