Последние новости

Մեկնարկել է Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը։

 

Այսօրվա նիստին սպասվում է Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխել այլ տեսակի խափանման միջոցով միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։ Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրև ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում և իշխանությունն են յուրացնում։ 2021 թվականի դեկտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն հրամանատարը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մեջ: Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է դեռևս 1 տարի առաջ հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ դատախազությունը տևական ժամանակ պայքարում էր՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու համար։

Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանն էլ քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո դատախազությունը հասավ իր համար ցանկալի արդյունքին. Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ