Последние новости

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԸ

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդրա Բեգլովն առաջարկել է հավերժացնել այն ադրբեջանցիների հիշատակը, որոնք կռվել են Լենինգրադի ռազմաճակատում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի և Ադրբեջանի նախագահի օգնական, Հեյդար Ալիևի հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովի հետ հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ։

«Բացի այդ, նահանգապետը առաջարկ է արել դիտարկել Բաքվում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին տեղադրելու հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքագետները կարծում են, որ Բեգլովի առաջարկը, մեղմ ասած, երկիմաստ է հնչում։

Ինչպես նշել է քաղաքագետ Իվան Արկատովը, Բեգլովի հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միանշանակ իրադարձություն չէ։ Եվ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի շատ նուրբ և հակասական հարաբերությունների ֆոնին։

«Անհրաժեշտ է հանդիպել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, բայց հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։ Կարծում եմ, եթե փորփրենք, անպայման կտեսնենք, թե ինչպես է իրականում իրեն պահում ադրբեջանական սփյուռքը։ Ցավոք, Բեգլովը այդ հարցին չի անդրադարձել։ Ադրբեջանին ձեռնտու է Ռուսաստանի հետ համագործակցությունը, հատկապես՝ նրա հիմնական տարածաշրջանների հետ։ Սա նրանց պետք է, որպեսզի լավ հարաբերություններ ունենան Սանկտ Պետերբուրգի իշխանությունների հետ։ Իսկ ադրբեջանական ծագման լենինգրադցիների հիշատակը հավերժացնելու Բեգլովի առաջարկն այսօր, մեղմ ասած, երկիմաստ է հնչում՝ հաշվի առնելով, թե Ադրբեջանում ինչպիսի ներքին քարոզչություն է ծավալվում Ռուսաստանի դեմ։ Եվ մասնավորապես, թե ինչ են գրում ու պատմում ադրբեջանական դպրոցների պատմության դասերին»,- peterburg-news.ru կայքին պարզաբանել է Իվան Արկատովը։

Նա զարմանք է արտահայտել, թե ինչու է Բեգլովը նման հայտարարություններ անում երկու երկրների միջև առկա բարդ հարաբերությունների ֆոնին։ Արկատովը սա անվանել է Ալեքսանդր Բեգլովի «աշխարհաքաղաքական կոպիտ սխալ»։

Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Յուրի Գոլուբի կարծիքով՝ Բեգլովի առաջարկն առնվազն տարօրինակ է հնչում: Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց ներդրումն ունեցան Լենինգրադի պաշտպանության գործում, ինչպես Խորհրդային Միության մյուս ժողովուրդները։

«Բայց նման ընտրողականությունը ակնհայտորեն անտեղին է: Այո՛, Սանկտ Պետերբուրգի ներկայիս վարչակազմը կարող էր առանձնահատուկ հարաբերություններ զարգացնել ադրբեջանական սփյուռքի և Ադրբեջանի հետ, բայց ի՞նչ կապ ունի բոլորի համար նույնքան սուրբ պատերազմի հիշողությունը։ Արդյո՞ք քաղաքը պաշտպանած հայերը, ուկրաինացիները, բելառուսները, թաթարները, հրեաները ավելի քիչ էին արժանի հուշարձանին։

Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարելի՞ է այդքան բացառիկ համարել։ Դրանք ունեն նաև իրենց հակասությունները՝ կապված, օրինակ, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության հետ։ Նման անսովոր գաղափարն ավելի շատ հիշեցնում է պատերազմի հիշողությունն օգտագործել հանուն ակնթարթային շահերի։ Ընդհանրապես, բավականին անխոհեմ ժեստ է, որը դժվար թե ամրապնդի մեր ժողովուրդների միջև բարեկամությունը, և հակառակը հնարավոր է նյարդայնացնի որոշ քաղաքաբնակների»,-ասաց Յուրի Գոլուբը:

Բեգլովի առաջարկը օգտատերերի վրդովմունքն ու տարակուսանքն է առաջացրել։ Ստորև ներկայացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը.

«Ինչ ուզում է՝ թող դնի տանը, իսկ եթե չի տեղավորվում՝ ծայրամասային տարածքում։ Հայրենական մեծ պատերազմում կռվել են ամբողջ Խորհրդային Միության ժողովուրդները»։

«Հուշարձաններ կան, բայց քաղաքի բոլոր պաշտպաններին, ինչո՞ւ պետք է որևէ մեկին առանձնացնել, մանավանդ որ զոհված զինվորներին թաղել են զանգվածային գերեզմաններում՝ առանց ազգության։ Իրականում նախաձեռնությունն առնվազն տարօրինակ է»։

«Տանիքը գնացել է...փողոցները սառույցից ու ձյունից մաքրի՛ր»:

«Հուշարձանը պետք է կանգնեցվի Լենինգրադի բոլոր պաշտպաններին, այլ ոչ թե ադրբեջանցիներին առանձին։ Մեր թաթար հայրիկը նույնպես պաշտպանել է Լենինգրադը, նա արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Կարծում եմ՝ նրանք նույնպես արժանի են այս հուշարձանին»։

«Գարունը դեռ շատ հեռու է, և Բեգլովի մոտ որ ադեկվատության սրացում է։ Քաղաքում խառնաշփոթ է աղբահանության, ձյունից ու սառույցից մաքրելու հարցերի հետ կապված, իսկ նա պարտավորվել է սիրախաղ անել Թուրքիայի բերանին նայող ադրբեջանցիների հետ։ Ո՞ւր է տրամաբանությունը, որտե՞ղ է ողջախոհությունը, որն է նրա այդ գաղափարներից տարրական օգուտը։ Նրան, իհարկե, պետք է հեռացնել ղեկավարությունից, նա բոլորովին չի համապատասխանում իր պաշտոնին»։

«Դե, ինչպես միշտ, իրենց գործն են անում Բաքվի նավթադոլարներն ու սև խավիարը»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ