Последние новости

ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 89.6%–ը երեխաներ են

Փետրվարի 1-ի դրությամբ հայաստանյան հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 436 պացիենտ կա, որոնցից 89.6%–ը երեխաներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

«ՀՀ–ում շարունակվում է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված բարձր ակտիվությունը։ Բարձր է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությունը, այնպես էլ շտապօգնության կանչերի թիվն ու հոսպիտալացումները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ–ներով պոլիկլինիկական կազմակերպության դիմելիությունը 1.2 անգամ բարձր է։ Նույն պատկերն է շտապօգնության կանչերի մասով»,–ասաց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում 24 պացիենտ, որից 19-ը 0-18 տարեկաններն են. վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների զգալի մասը 0-4 տարեկաններն են։ Նրա խոսքով` նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանի համեմատ հոսպիտալացումների թիվն աճել է 1.5 անգամ։ Ամենաշատը երևանյան ԲԿ-ներում են երեխաները բուժում ստանում։

Մասնագետի խոսքով` դեռ նախորդ տարվա նոյեմբերից սկսած` հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը։ Այս պահին գրիպի ուրիշ տեսակ չի հայտնաբերվել։ Սակայն լինում են դեպքեր, երբ ՍՇՎ-ն համակցվում է կորոնավիրուսի հետ, և եթե պատվաստված են լինում, ապա հաջողվում է խուսափել բարդություններից։

«Բոլորս էլ գիտենք, որ գրիպի դեմ միակ կանխարգելումը պատվաստումն է։ Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պատվաստմանը զուգահեռ կարող են պատվաստվել նաև գրիպի դեմ Covid-ի պատվաստումը ստանալուց 14 օր անց։ Այս պահին գտնվում ենք ՍՇՎ-ների ակտիվության փուլում, ինչը բնորոշ է այս սեզոնին. գրիպի սեզոնը տևում է մինչև մայիս»,–ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ՍՇՎ–ների` երեխաների մոտ առաջ եկող ախտանշաններին, համաճարակաբանը նշեց, որ նրանց դեպքում ախտանշանները գրեթե չեն տարբերվում, սակայն հիվանդությունը կարող է մի քիչ բուռն ընթանալ, հատկապես 0-4 տարեկան երեխաների մոտ, քանի որ ավելի խոցելի են։ Այս սեզոնին շրջանառվող ՍՇՎ–ների ախտանշաններն են` հարբուխ, հազ, գլխացավ, մկանացավ։

Համաճարակաբանը խորհուրդ է տալիս հագնվել եղանակին համահունչ, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, քանի որ վարակի տարածմանը հենց դա է նպաստում. փակ տարածքներում գտնվելով ու չօդափոխելով տարածքը` շատ հանգիստ վարակը տարածվում է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ