Последние новости

Խրամորթի համայնքապետ․ Քարագլուխ բարձունքը Արցախի ՊԲ-ի վերահսկողության ներքո է

Արցախի Քարագլուխ բարձունքը Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո է: Այս մասին երեկ ուշ երեկոյան 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է Արցախի Ասկերանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

«Ներկա դրությամբ, մենք ժամանակին, առանց որևէ կորստի, առանց մեր ժողովրդին որևէ վնաս պատճառելու ԱԱԾ-ի, ոստիկանության, փրկարար ծառայության հետ միասին կազմակերպված ձևով կարողացել ենք երեխաներին ու կանանց ժամանակավոր տարհանել հարևան գյուղեր: Դա անհրաժեշտություն էր նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ադրբեջանցիները եկել են մտել են Փառուխ գյուղ, կարողացել են բարձրանալ Քարագլու տարածքի անտառի բերան, գյուղ չեն մտել: Իրավիճակը վերահսկելի է: Ներկա դրությամբ Քարագլուխը մեր ձեռքին է, մեր տղաները իրենց միջանցք են տվել, որ առանց կրակոցների դուրս գան գյուղի տարածքից: Ներկա դրությամբ սպասում ենք, որ իրենք պետք է դուրս գան Փառուխից»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:

Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Նրանց դիրքերը Փառուխից հեռու են 1 կիլոմետր:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ