Последние новости

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Արևմուտքը պատրաստ է աջակցել Հայաստանի միակողմանի զիջումներին տարածաշրջանային հարցերում: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը միշտ մեծ նշանակություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և Հայաստանում այն ​​իշխանությունը, որն առաջ կտանի այդ օրակարգը, աջակցություն կստանա։ Նա հիշեցրեց, որ դա տեղի է ունեցել ինչպես 1990-ականներին (առաջին նախագահի քաղաքական գծի ընդունումը), այնպես էլ 2000-ականներին (Քի Ուեսթ, ֆուտբոլային դիվանագիտություն)։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ վերը նշված երկու հարցերում, ուստի Արևմուտքի համար լուրջ հնարավորություն է բացվել դրանց կարգավորման համար։ Տարածաշրջանային այս հարցերում Հայաստանի և Արևմուտքի իշխանությունների օրակարգը նույնն է: Արևմուտքի համար միևնույն է, թե ինչպես է լուծվում Ղարաբաղի հարցը՝ տարածքային ամբողջականության, թե՞ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տրամաբանությամբ։ Այս հարցի լուծումը լրացուցիչ հնարավորություններ կտա տարածաշրջանում. եթե ոչ դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից, ապա գոնե հավասարակշռել նրա ազդեցությունը Հարավային Կովկասում»,- հավելեց Սարգսյանը։

Եթե ​​Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի, փորձագետը չբացառեց մինչև տարեվերջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ միջնորդությամբ փաստաթղթեր նախաստորագրվեն։ «Ամերիկացիները միշտ ասել են, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Եթե ​​հայկական կողմի համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներ, ապա ինչո՞ւ պետք է դրան դեմ լինեն ԱՄՆ-ն և ընդհանրապես Արևմուտքը՝ առավել ևս, որ նրանք շահագրգռված են հիմնախնդրի կայուն և երկարաժամկետ լուծմամբ: ԱՄՆ-ն պնդում է, որ խնդիրը չի լուծվել, և կողմերը պետք է վերջնականապես լուծեն այն, որպեսզի հետագայում սրացումներ չլինեն։ Հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել միակողմանի զիջումների միջոցով, ինչն անընդունելի է։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները մտածում են այսօրվա, այլ ոչ թե ապագայի մասին»,- պարզաբանեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա, ըստ Սարգսյանի, այն մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։ «Եթե Սյունիքը հայկական չլինի, ապա Թեհրանը կախվածություն կունենա Ադրբեջանից և Թուրքիայից։ Եթե ​​հիշենք ԱՄՆ-ի և Իրանի թշնամական հարաբերությունները, պատկերն ավելի պարզ է դառնում։ Նախիջևանի հետ սահմանին իրանական զորքերի կուտակումը լուրջ անհանգստություն է առաջացրել Վաշինգտոնում։ Այն, որ միջանցքը (Զանգեզուրի) չկայացավ, նրա արդյունքն է, որ ԱՄՆ-ն հասկացավ, որ Իրանը կարող է մարտական գործողությունների գնալ, եթե ինչ-որ բան իր շահերին դեմ գնա»,- եզրափակեց քաղաքագետը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ