Последние новости

Լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվել

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի նկարահանող խմբի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։ Տեսախցիկներն արձանագրել են ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դրվագը, ինչն ուղեկցվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ ոտքով հարվածել է օպերատորին։ Դատախազությունը հայտարարել է, որ տեսանյութն ու հրապարակումներն ուղարկել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետի ավարտից հետո վարույթն իրականացնող մարմինը երկարացրել է նյութերի նախապատրաստման ժամկետը՝ տեսախցիկի նկատմամբ փորձաքննություն նշանակվելով՝ պարզելու հնարավոր վնասվածքները, թեև դեպքը տեղի է ունեցել տեսախցիկների առջև և տեսանյութերը կարող էին դիտարկվել որպես օբյեկտիվ ապացույց՝ քրգործ հարուցելու համար։ Ըստ էության, ՔԿ-ն ժամանակ է ձգել, ապա՝ մերժել քրգործի հարուցումը։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել և հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գևորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ:

«Միաժամանակ պարզվել է նաև, որ Էդգար Պապինյանը «MediaHub.am» լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ: ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»:

ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ (…)»:

Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ սահմանադրության և դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սարգիս Հովհաննիսյանի և մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջն անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ և արձանագրել, որ նման պահանջ ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցի և նկարահանման նախաձեռնությունը եղել է միակողմանի:

Նկատենք, որ իրականում նկարահանող խումբը սպասել է մինչև ՊՊԾ պետն ավարտել է հեռախոսազրույցը, որից հետո միայն մոտեցել են։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՔԿ-ն օրինականացրեց քացի տալը։

Իզաբել Սահակյան

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ