Последние новости

Սյունիքի մարզպետ․ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից պետք է հետ գնա

Սյունիքի մարզ ադրբեջանական ԶՈւ ներխուժումների մասին բոլոր հարցերի պատասխանները կտա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` հրաժարվելով մեկնաբանել կոնկրետ տարածքներին վերաբերող հարցերը։

«Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ անգամներ թե՛ կառավարությունից, թե՛ ԱԺ–ից անդրադարձներ եղել են, ու կարծում եմ` հարցի պատասխանը պետք է տան սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք մարզպետն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում պարզել է, թե ի վերջո ինչ հիմքով` գրավոր, թե բանավոր համաձայնությամբ է Շուռնուխը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հանձնվել Ադրբեջանին, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Նույն հարցին վարչապետը մի քանի անգամ պատասխանել է։ Ավելին` երբ այցելել է Շուռնուխ, այնտեղ բնակիչների հետ այդ թեմայով զրուցել է։ Ես հիմա չեմ կարող մեջբերել իր խոսքերը, հնարավոր է, որ ինչ–որ մարդկանց համար սպառիչ չեն եղել, բայց տվել է պատասխանը»։

Մարզպետը շեշտեց, որ սահմանի հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկվում են Հայաստան–Ադրբեջան– Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում, իսկ այնտեղ քննարկվածն իրեն հասանելի չէ։

Այդուհանդերձ, Սյունիքի մարզպետը վստահություն հայտնեց, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից հետ է քաշվելու։

«Այն տարածքը, որը մեր սուվերեն տարածքն է, ադրբեջանական կողմը սահմանազատման ու սահմանագծման արդյունքում կգնա այն դիրքերը, որոնք կլինեն գծից այն կողմ։ Դրանում ես վստահ եմ»,– ասաց Ղուկասյանը։

Ռոբերտ Ղուկասյանը 2019թ. օգոստոսին ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել էր Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնականը։

Այնուհետև շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։

Ղուկասյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2022թ–ի մարտի 3-ին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ