Последние новости

Երիտասարդները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել Երևանում. նրանցից մեկին կալանավորել են

«Տելեգրամ» ալիքի միջոցով թմրամիջոցի վաճառքով զբաղվող երիտասարդներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ թմրամիջոցների շրջանառության և իրացման դեմ պայքարի շրջանակում 2 տարբեր քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Դրանցից մեկի շրջանակում 2023թ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել և ոստիկանության բաժին է տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա 2 բնակիչ: Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ։ Վերջիններիս փախուստի փորձը կանխվել է»,– ասված է հաղորդագրությունում:

Այդ հատվածից զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, թմրամիջոցներն իրացնելու նպատակով՝ հիշյալ օրը Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել և պահել թմրամիջոցը:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

2022թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 1 մլն ՀՀ դրամի չափով գրավը:

Մյուս քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2023թ-ի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու համար ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով:

Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է:

Երևան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և ապօրինի պահելու համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ