Последние новости

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ԱՄՈԹ ՉՈՒՆԵՆԱԼՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զենք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել

Մենք մարտական պատրաստության ուղղությամբ ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան ՀՀ ներկայիս կառավարությունը ձեռք է բերել այդ երկու տարիների ընթացքում։ Այս մասին մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ նախկին իշխանությունները զենք գրեթե ձեռք չեն բերել։

 


«Իհարկե լկտի սուտ է, և ընդհանրապես պետք է ասեմ, որ Հայաստանի ներկա կառավարիչների ուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամոթի մի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը երկու ճշմարտություն են ասել. առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն և Մադրիդյան սկզբունքները վարի կտան և այդ մոտեցումներով չեն առաջնորդվի, ինչը արեցին, երկրորդը, որ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտված չեն համարի։ Այդ երկու հայտարարությունները տեսաք՝ ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին։

Իր նշած տարիներին մենք երևի թե մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենց ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Մենք ունեինք միակը տարածաշրջանում S-300 դիվիզիոններ, մեծ հեռահարության հրթիռներ, ձեռք էինք բերել հարյուրից ավելի ծանր զրահատեխնիկա, ժամանակակից հարյուրավոր հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, չեմ խոսում «Իսկանդերի» կամ այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որոնք այդպես էլ օգուտ չտվեցին, մի քանի տասնյակ հին, այլևս իր արժեքը կորցրած АКА-ներ. ուրիշ ի՞նչ են ձեռք բերել»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանության ոլորտին, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են. «Այո, փոքր հնարավորություններ ունեինք գնումներ կատարելու, բայց մեզ նաև մեծ հնարավորություններ ունեինք, և դրանք մինչև վերջ օգտագործել ենք՝ ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար»։

Միգուցե Փաշինյանը ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը

Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտվել է, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։

«Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ նա ինչ-որ տեղ ճիշտ է ասում, միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը։ Եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- ասաց երրորդ նախագահը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 5-րդ շարասյունը դրսից է ուղղորդվել, Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք 5-րդ շարասյուն չեն համարում. դրսից կառավարվող ուրիշ մարդկանց չգիտեմ»։

Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց դեպքում, բայրաքթարները հայտնվեցիՆ մեր երկրում

Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում,- ասաց Սերժ Սարգսյանը։

«Ես չգիտեմ, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև շատ բան է խառնվել։ Մենք հրապարակել էինք մեր բանակցությունների փաթեթը, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական նպատակները, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը.

«Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն Ադրբեջանին ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչ օգուտը։ Մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»։

Սա այն տեղն է, որ շատ երկար մտածել պետք չէ, պետք է ճիշտ որոշում կայացնել

Միշտ ներքուստ ծիծաղել եմ այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսական շահերը կամ ինչ քայլեր պետք է անեն,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

«Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքն է որոշում, թե ինչ է անելու։ Իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, դա արդեն Հայաստանի իշխանությունների խնդիրը չէ միայն, դա բոլորիս անվտանգության խնդիրն է։ Սա այն տեղն է, որ շատ երկար մտածել պետք չէ, պետք է ճիշտ որոշում կայացնել»,- նշեց երրորդ նախագահը։

News.am-ի նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ