Последние новости

Միրզոյան․ Առաջիկայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումներ տեղի կունենան

Հայկական կողմը այժմ պատրաստ է վերսկսել հանդիպումները Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից Հայաստանին ապակառուցողականության մեջ մեղադրելուն:

«Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում՝ անցած տարվա տարեվերջին: Այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները»,- ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել.

«Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի առաջարկների՝ մենք մեր, և իրենք՝ իրենց խմբագրական առաջարկները: Ունեցել ենք ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ, այդ թվում՝ այդ փաստաթղթով, այժմ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ տարբեր գործընկերների կողմից հնչեցվել են առաջարկներ՝ կազմակերպել կրկին մեր հանդիպումները: Այժմ էլ ունենք հանդիպումների առաջարկներ, առաջիկայում այդպիսի հանդիպումներ տեղի կունենան»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցին՝ Միրզոյանն ասաց.

«Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ու դրանց առնչվող հարցերը: Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս են: Վերջնական կարգավորումը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման՝ մենք իրատեսական չենք համարում»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ