Последние новости

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

«Սա միանշանակ ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշում է։ Սա աննախադեպ բան է Հայաստանի պատմության մեջ, երբ լրագրողի անձնական գույքի, աշխատավարձի նկատմամբ կիրառվում է նման խոշոր չափի հայցագին, չի եղել երբևէ նման բան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սարգսյանը, ում աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել Տիգրան Ավինյանի մասին պատրաստած տեսանյութից հետո։

Տեսանյութը հրապարակվել է 168.am-ում, մինչ այս պահը ոչ հայցի ապահովման միջոցի, ոչ հայցի մասին լրագրողն ու լրատվամիջոցը որևէ ծանուցում չեն ստացել։

Դավիթ Սարգսյանը նշեց, որ վիրավորանքի, զրպարտության, գործարար համբավի արատավորման դեպքում, եթե նույնիսկ դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց, ապա դա լինում է մի քանի հարյուր հազար դրամի շրջանակում, բայց ոչ երբեք 9 մլն դրամ։

«Ենթադրում եմ՝ ցավացրել եմ Ավինյանին, թեև ոչ մի նորություն չեմ ասել։ Ներկայացրել եմ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը, ոչ վիրավորել եմ, ոչ զրպարտել։ Դա հասկանալով՝ Ավինյանը վիրավորանքի ու զրպարտության հոդվածով ինձ դատի չի տվել, այլ գործածար համբավի արատավորման, որն իրեն ավելի խոցելի է դարձնում, քանի որ պաշտոյաները չեն կարող գործարար համբավ ունենալ»,-ասաց լրագրողը։

Դատարանում լրագրողի ու լրատվամիջոցի շահերը կներկայացնաի փաստաբան Արամազդ Կիվիրյանը, իսկ մինչ այդ 168.am-ի խմբագրությունն ու Ժուռնալիստների միությունը տեղի ունեցածի մասին անգլերեն տեղեկանք են պատրաստել՝ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։

Դավիթ Սարգսյանը քիչ առաջ է դուրս եկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Նա դիմում է գրել, որ աշխատավարձի հաշվեհամարից կալանքը հանեն, թողնեն միայն իր բնակարանի վրա։

«Խնդիրն այն է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելն անհնար է։ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նման ինստիտուտ չկա։ Իսկ դատավարությունը, աստված գիտի, երբ կսկսվի։ Դատավարության մեկնարկին մենք պետք է առարկենք հայցի ապահովման ընտրված միջոցի դեմ։ Ուշագրավ է, որ այն պետք է քննի նույն դատավորը, որը կիրառել է հայցի ապահովման միջոցը»,-մանրամասնեց Panorama.am-ի զրուցակիցը։

Լրագրողի խոսքով, Տիգրան Ավինյանն իր այդ քայլով ապահովեց «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութի դիտումների թվի ավելացումը։

«Մի քանի տասնյակ հազար մարդ, որոնց ձայները նա միգուցե կուզենար առաջիկա ընտրությունների ժամանակ օգտագործել, վստահաբար իր օգտին չեն ծառայի։ Ինքն իրեն արջի ծառայություն մատուցեց»,-նշեց Դավիթ Սարգսյանը։

Ավելի ուշ նա գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում.

«Տիգրան Ավինյանն իմ և իմ լրատվամիջոցի՝ «168 ժամի» դեմ հայց է ներկայացրել՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Ավինյանի մասին իմ կարճ հեռուստաթողարկմանը ես ներկայացրել եմ բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին։ Ավինյանի իրական նպատակը, սակայն, ինձ զգալի նյութական վնաս պատճառելն է և այդպիսով՝ լռեցնելը։

Իրեն վերաբերող նյութի առնչությամբ Ավինյանը չի պահանջել հերքման կամ պատասխանի իրավունք, ինչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ընթացակարգն է նյութի հետ անհամաձայնությունների դեպքում։

Իմ և լրատվամիջոցի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելով դատարան՝ Ավինյանը դիմել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։ Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա։

Այսօր ԴԱՀԿ-ից ծանուցում ստացավ նաև 168.am-ը: Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը:

Աննախադեպ է նախ նման հայցագնի չափը, ապա և այն, որ այդ սանկցիոն միջոցը նման անհավանական բարձր հայցագնով կիրառվում է լրագրողի անձի նկատմամբ՝ կալանելով նրա գույքը։ Երբևէ որևէ լրագրողի անձնական հաշվեհամարի և գույքի նկատմամբ նման չափի արգելանք չի կիրառվել՝ ընդամենը մասնագիտական գործունեությունն իրացնելու համար։ Հաշվի առնելով, որ դատաքննությունը տարիներ է ձգվելու, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողին, լրատվամիջոցն ու ազատ մամուլը ճնշելու, լռեցնելու և սանձահարելու փորձ։

Ես և իմ լրատվամիջոցն օրինական բոլոր միջոցներով հասնելու ենք մեր հաշվեհամարների և իմ բնակարանի վրայից արգելանքը հանելուն, նաև ավելի մեծ թափով շարունակելու ենք բացահայտել վարչախմբի իրական դեմքը»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ