Последние новости

Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավորը նրան պահում է անազատության մեջ

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավոր Արամ Գրիգորյանը նրան պահում է անազատության մեջ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանը նրան հեռացրել է վարույթից:

«Հենց հիմա այս դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Մեր կողմից փորձ կատարվեց՝ կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է:

Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ: Հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում: Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ: Այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրին առանց պատճառաբանելու, թե ինչու են ինձ հեռացնում»,- նշեց Պողոսյանը:

Ըստ փաստաբանի՝ այդ իրավիճակն աննադեպ է:

Նա նաև նշեց, որ պաշտպանական կողմը ցանկանում է դատավորին ինքնաբացարկ հայտնել, սակայն դատավորը թույլ չի տալիս այդ միջնորդությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ