Последние новости

Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան

Երևանը և Մինսկը քույր քաղաքներ կդառնան։ Ավելին, համապատասխան որոշումն արդեն պատրաստ է և ստորագրվելու է Բելառուսում` Երևանի քաղաքապետի այցի ժամանակ։ Այս մասին «Բելտա»–ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Դեսպանը նշել է, որ երկրները սերտ համագործակցում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Առաջիկայում նախատեսվում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Մինսկում հունիսի 29-ին ցուցահանդես է լինելու, որտեղ ցուցադրվելու են «Հայաստանը բելառուս ֆոտոթղթակցի աչքերով» և «Բելառուսը հայ ֆոտոթղթակցի աչքերով» խորագիրներով լուսանկարներ»,– ասել է Խումարյանը։

Նա նաև անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին, ընդգծելով` զարգացման կարևորությունը։ Դեսպանի խոսքով` 2019 թվականին ավելի քան 9.000 բելառուս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2021 թվականին քովիդի հետևանքով մի փոքր նվազել է թիվը` ավելի քան 7.000 քաղաքացի։ 2022 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 17.000-ը, իսկ 2023-ի առաջին կիսամյակում արդեն իսկ 3.5 հազար բելառուս է այցելել Հայաստան։

Խումարյանը նշել է, որ Հայաստանում զբոսաշրջությունն ակտիվ զարգանում է, տարբեր ուղղություններ կան` էքստրեմալ, գաստոտուրիզմ, ուխտագնացություն և այլն։ Նա հույս է հայտնել, որ Բելառուսից զբոսաշրջիկների այցերը կշարունակվեն նաև ապագայում։

Դիվանագետը կարևորել նաև, որ երկրների միջև վիզային ռեժիմ չկա, իսկ «Բելավիան» շաբաթական 3 թռիչք է իրականացնում Մինսկ–Երևան–Մինսկ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հայկական համայնքի գործունեությանը, ապա Խումարյանը նշեց, որ այս տարի կավարտվի Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու շինարարությունը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ