Последние новости

Ֆինանսների նախարար․ 2022-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 187 %-ով

2022 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187 %-ով։ Այսօր Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021 թվականի արդյունքների հետ։

Նա նշեց, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս։

«2022 թվականին համաշխարհային տնտեսությունը շատ ավելի դանդաղ տեմպերով է զարգացել, և մեր ամենամեծ առևտրային գործընկեր Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՆԱ–ի նվազում։ Կանխատեսվում էր, որ սա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսական զարգացումների վրա, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել նաև դրա ընձեռած հնարավորությունից։ Արդյունքում բավականին բարձր աճ գրանցվեց»,– նշեց նախարարը։

Նա հավելեց, որ զբոսաշրջային հոսքի մեծ աճ ունենք` 90,2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները։

«Սակայն ուրախալի է նաև այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից ևս ունենք բավականին մեծ աճ»,– ասաց ֆինանսների նախարարը։

Նա հավելեց, որ գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև դրական է ազդել դրամի արժևորման վրա։ Արդյունքում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։

«Արդյունքով անվանական ՀՆԱ–ն մեզ մոտ կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, որը 2021թվականի փաստացի ցուցանիշից ավելի է մոտ 1,5 տրիլիոն դրամով»,– նշեց ոլորտի պատասխանատուն։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ