Последние новости

ՀՀ ՄԻՊ-ը ոստիկանների անհամաչափ ուժի կիրառում է արձանագրել ակցիայի մասնակիցների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Երևանում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 19–22–ն ընկած ժամանակահատվածում իրենց արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։

Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները»,– կոչ են արել ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են նաև բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Անահիտ Մանասյանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով։

«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՄԻՊ–ի` առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Ըստ օմբուդսմանի` երեխաների հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով նրանց անվտանգությունը:

«Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ»,– նշված է ՄԻՊ–ի հայտարարությանմեջ։

Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով իրավասու մարմիններին ՄԻՊ–ը հասցեագրելու է նաև գրություններ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ