Последние новости

ԵԹԵ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է», ԱՊԱ ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է

Արևմտյան մայրաքաղաքներում մտահոգված են, որ հայկական կառավարությունը չափազանց հեռուն է գնում՝ երես թեքելով Ռուսաստանից

Օրերս Ժնևում Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց IPU-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության հետ՝ Քարեն Բրեդլիի գլխավորությամբ: Եվ այդ հանդիպման ընթացքում հայոց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանալի բաներ պատմեց։ Բաց թողնենք խոնարհումները՝ ի փառս «Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների», որոնք, ըստ Սիմոնյանի, զարգանում են «ռազմավարական երկխոսության» մակարդակով: Թեև, իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ մասով է այդ երկխոսությունը «ռազմավարական»։

Բայց այդ ամենը դատարկ բան է ԱԺ նախագահի այն հայտարարության համեմատ, թե, պարզվում է, «ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է»։ Ըստ էության, մենք վաղուց արդեն վարժվել ենք, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար եթեր են արձակում բացարձակ անհեթեթ ինչ-որ մտքեր, բայց այն, որ «ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է», դեմագոգիայի ապոթեոզն է այն դեպքում, եթե դա այդպես չէ։ Իսկ եթե այդպես է, ապա դա պարզապես սարսափելի է: Սարսափելի է պատկերացնել, որ գոյաբանական սպառնալիքներով լի իրավիճակում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից, Փաշինյանի այն հայտարարությունների պարագայում, թե Բաքուն «շաբաթվա վերջին» պատերազմ է սանձազերծելու, մեր անվտանգության միակ համակարգը ժողովրդավարությունն է։ Մի հասկացություն, որը վաղուց, ավաղ, վերածվել է փուչ բանի և տառերի ոչինչ չնշանակող հավաքածուի։

Ընդ որում ցուցանշական է, որ գերտերությունը, որը ներկայանում է իբրև համաշխարհային ժողովրդավարության պատվար և ժողովրդավարական արժեքները պաշտպանող մի այդպիսի համաշխարհային ժանդարմ, ըստ էության, անջրպետվում է Հայաստանի իրական պաշտպանությունից։ Խոսքը ԱՄՆ-ի մասին է։

Այդ կապակցությամբ ավելորդ չի լինի հիշեցնել թերևս ամենահեղինակավոր ուղեղային կենտրոնի՝ «RAND» կորպորացիայի վերջերս հրապարակված զեկույցը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, և հայերը չպետք է այդ գործում հույս դնեն ժողովրդավարության գլխավոր համաշխարհային պաշտպանների՝ ամերիկացիների վրա։

Մեջբերենք որոշ հատվածներ Ջո Հաբերմանի և Փոլ Քորմերիի հեղինակած վերոնշյալ զեկույցից։

«Առերեսվելով ի դեմս Ադրբեջանի՝ թշնամական հարևանի, և ի դեմս Ռուսաստանի՝ անօգնական դաշնակցի հետ, Հայաստանը լուրջ ցնցումներ է ապրում իր արտաքին քաղաքականության մեջ։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կրած ջախջախիչ պարտությունից և սահմանային վերջին փոխհրաձգություններից հետո, որոնց հետևանքով չորս հայ զինվոր է զոհվել, Նիկոլ Փաշինյանը սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)

Աշխարհաքաղաքական այս հավանական շարժի խորապատկերին Վաշինգտոնը կարող է գայթակղվել միջամտելու և խաղալու այն դերը, որը չկարողացավ կատարել Ռուսաստանը: Անցած աշնանը ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը Բայդենի վարչակազմին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որոնք «կվստահեցնեն» հայերին «մեր անսասան աջակցության մեջ», թեև այդ կոչը որևէ կոնկրետ առաջարկներ չէր բովանդակում: Անսասան աջակցություն ցուցաբերելու փոխարեն՝ ԱՄՆ-ը պետք է ավելի զգուշավոր ռազմավարություն իրականացնի…

Մի շարք պատճառներով ԱՄՆ-ը չի կարող կատարել Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը»,- փաստում են «RAND»-ի վերլուծաբանները։

Այն հարցի պատասխանը, թե պետք է արդյոք, որ ամերիկացիներին ընդհանրապես մտահոգի այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, բավական կոշտ է հնչում. տարածաշրջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն չունի: Ընդ որում «Ադրբեջանի ներխուժումը Հայաստան կհակասի Ամերիկայի շահերին, քանի որ զինված ագրեսիան կարող է ապալեգիտիմացնել Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության հիմքում ընկած սկզբունքները, որ միջազգային սահմաններն անձեռնմխելի են, և ժողովրդավարությունները պետք է պաշտպանվեն»:

Բավական ցինիկ է, այնպես չէ՞: Ստացվում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան հանցագործություն է միայն ուկրաինական գործի նկատմամբ, այլ ոչ թե ինքնին։

Ինչ վերաբերում է Եվրոպայի աջակցությանն ու Եվրոպական Խաղաղության հիմնադրամի մեխանիզմի միջոցով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ-ին հղված կոչերին, ապա, ինչպես կարծում են ամերիկացի վերլուծաբանները, որոնց իրականում պետք է անկեղծ «շնորհակալություն» ասել ճշմարտության համար. քիչ հավանական է, որ եվրոպացիները կարողանան զգալի նոր ռեսուրսներ հավաքել՝ ի լրումն Ուկրաինայի հանդեպ ունեցած ընթացիկ պարտավորությունների:

Ուրեմն ի՞նչ անի Հայաստանը։

«Հաշվի առնելով ավելի հարուստ, ավելի մարդաշատ և տեխնոլոգիապես գերազանցող ռազմական հակառակորդի (Ադրբեջանի - Զ.Գ) ներխուժման իրական հնարավորությունը, Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի պաշտպանությունն ու զսպումը, իրեն ուժեղացնելու ռազմավարությունը՝ հավանական ներխուժմանը դիմակայելու համար»։

Զեկույցում արձանագրվում է, որ «անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանի համար մեկ գիշերում ռազմական զսպող գործոն չի ստեղծի»:

«Նույնիսկ գործարքի պաշտոնականացումից հետո, ռազմական տեխնիկայի տեղափոխումը և դրա արդյունավետ օգտագործման համար հայ զինվորականների ուսուցումը կպահանջի ժամանակ, որը Երևանը դժվար թե իրեն թույլ տա վատնել, քանի որ Բաքուն հավանական նոր ռազմական ներխուժում է նախապատրաստում»,- նշում են հեղինակները՝ ընդգծելով, որ «մոտ ապագայում, հաշվի առնելով հնարավոր ներխուժման հեռանկարը, անհրաժեշտ է հստակեցնել գործընկերության սահմանները։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նրա դաշնակիցները չեն ցանկանում Հայաստանին անվտանգության երաշխիքներ առաջարկել, առավելևս պաշտոնական ռազմական դաշինք, հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանը դիմի նման երաշխիքներին»։

Եվ եզրահանգումը. «Հայաստանի ազգային շահերը լավագույնս կապահովվեն Ռուսաստանի հետ նրա անվտանգային հարաբերությունների տարբերականացման դեպքում, առանց անհարկի օտարելու Մոսկվային՝ ամբողջությամբ հրաժարվելով նրանից»: Քանզի «ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները չեն կարող լինել այն, ինչ Հայաստանը ցանկանում է և ակնկալում օտարերկրյա գործընկերոջից»։

ԹՎՈՒՄ Է՝ ԲԱՎԱԿԱՆ ՍՊԱՌԻՉ Է, ԱՅՆՊԵՍ ՉԷ՞: Ի դեպ, վերոնշյալ զեկույցի հրապարակումից հետո ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների համատեքստը դարձել է է՛լ ավելի երեսպաշտ ու զգուշավոր, և ըստ որում՝ ավելի անկեղծ: «Դժվար է պատկերացնել, որ Երևանը որևէ երաշխիք ստանա արևմտյան երկրներից,- հայտարարեց, օրինակ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի տնօրեն Ալիսա դե Կարբոնելը։- Հայաստանի նկատմամբ անվտանգության երաշխիքների ընդլայնում ներկայումս չկա Եվրամիության ծրագրերում, բավական է նայել Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնության հետ կապված առկա ճգնաժամին, հասկանալու համար ԵՄ-ի լիմիտները: Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական կապերի ամրապնդումը կարևոր է և նյարդայնացնում է Բաքվին, որը Փարիզի հետ հարաբերությունների բարդ պատմություն ունի, բայց դա ամենևին չի կարելի անվանել ռուսաստանյան երաշխիքների փոխարինում... Արևմտյան մայրաքաղաքներում մտահոգված են, որ հայկական կառավարությունը չափազանց հեռուն է գնում՝ երես թեքելով Ռուսաստանից»։

Ի դեպ, Պետդեպարտամենտը, արձագանքելով «RAND»-ի հրապարակմանը, ասաց ու ոչինչ չասաց, թե իբր՝ «ԱՄՆաջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների հետագա ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Սա ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է ողջ տարածաշրջանում, և հենց այդ նպատակով էլ մենք ընդլայնում ենք (մեր) փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ լայնածավալ հարաբերությունների շրջանակներում»։ Ի՞նչ կնշանակի սա: Իսկ հետո շարունակ՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կործանարար ագրեսիայի» մասին խոսքեր և «իրանական ռեժիմի հետ ամեն առումով զգուշություն ցուցաբերելու» կոչեր։ Նշմարո՞ւմ եք շանտաժի նոտաները։

Ուրեմն, մի հարցնող լինի, ո՞ր ուղղությամբ և դեպի ո՞ւր է գնում Հայաստանը, որի ղեկավարությունը մշտապես հայտարարում է «դիվերսիֆիկացման» անհրաժեշտության մասին՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և այլ առումներով։ Եթե այդ դիվերսիֆիկացիան ենթադրում է «ժողովրդավարությունը՝ որպես անվտանգային միակ համակարգ», ապա մենք իսկապես ապրում ենք շատ բարդ ժամանակներում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КУКУШКА ХВАЛИТ ПЕТУХА ЗА ТО, ЧТО ХВАЛИТ ОН КУКУШКУ
      2024-04-26 12:06

      Читаем: "Премьер-министр Армении Никол Пашинян провел встречу с президентом Республики Ваагном Хачатуряном и поздравил его с 65-летним юбилеем". Далее из уст Пашиняна следует фейерверк комплиментов в адрес президента, о котором большинство наших сограждан знают лишь то, что он играет на фортепьяно. Ну и, как водится, в ответ президент возвращает премьеру еще более впечатляющий букет прекраснодушных слов, увы, не имеющих ничего общего с реальностью.

    • ПОЗОРНАЯ РЕЧЬ ПОЗОРНОГО ПАШИНЯНА
      2024-04-25 11:50

      "Сегодня мы чтим память жертв Геноцида армян. Учитывая, что это происходит после геноцида армян Нагорного Карабаха, мы должны активизировать наши усилия. "Никогда больше" должно что-то означать. Это не могут быть пустые слова",  - наверное, эти слова сказаны премьер-министром Республики Армения по случаю 109-й годовщины Геноцида армян? Нет, их озвучил сенатор США Билл КЭССИДИ.

    • СМИРНА, АРЦАХ, ТОПОР САФАРОВА… – РАЗМАТЫВАЮЩИЕСЯ ВО ВРЕМЕНИ ЗВЕНЬЯ ОДНОЙ ЦЕПИ
      2024-04-24 09:51

      Союз армян России распространил заявление, в котором говорится о том, что происходящее вокруг четырех приграничных сел, которые власти Армении решили безоговорочно сдать противнику, несмотря на манипулятивные заявления армянских властей, не имеет ничего общего с мирной повесткой.

    • "ВСЯ НАУЧНАЯ ИНТЕЛЛИГЕНЦИЯ ДОЛЖНА ВСТАТЬ НА ЗАЩИТУ АРМЯНСКОЙ НАУКИ!"
      2024-04-23 11:25

      Окончание. Начало здесь. "Осуществлен конституционный переворот в сфере языковой политики, а армянская оппозиция молчит", - отмечает в интервью "ГА" доктор политических наук, историк Армен АЙВАЗЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ