Փոխվել է անմաքս առևտրի շեմը. հնարավոր կլինի ներմուծել ոչ թե 200, այլ 84 հազարի ապրանք
Առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. ապրիլի 1–ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո (84 հազար դրամ,–խմբ.) և 31 կգ արտոնության շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ–ը տեղեկացնում է նաև, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թ. ապրիլի 1–ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:
Sputnik Արմենիա