Последние новости

Գրիգորյան․ Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը

Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։

Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։

«Փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտային տեղեկատվական ոլորտի զարգացում և առաջադեմ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, ինչը, անկասկած, կնպաստի լոգիստիկ ծառայությունների արդիականացմանը ԱՊՀ ողջ տարածքում», - ասել է նա։

Փոխվարչապետն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։

Գրիգորյանն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը։ Այս նախագծի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման ճանապարհով։

«Համոզված եմ, որ նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է մեր բոլոր երկրների շահերին»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է ԱՊՀ երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում հայկական կողմը լիովին աջակցում է հումանիտար ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունմանը և պատրաստակամություն հայտնում ակտիվորեն մասնակցել դրա իրականացմանը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նախագահությամբ անցկացվում է Մոսկվայում։ Կառավարությունների ղեկավարները ծրագրում են քննարկել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը պատժամիջոցների ֆոնին։ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են համագործակցության երկրներում առևտրատնտեսական և մշակութա-մարդասիրական փոխգործակցության ընդլայնման հարցեր:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ