Последние новости

Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար

Չինաստանի իշխանություններն ապրիլի 10-ից 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը։

Այս քայլը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին պատասխանը։

«ԱՄՆ-ի գործողությունները չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խախտում են Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը և միակողմանի ահաբեկման տիպիկ դրսևորում են», - ասված է հայտարարության մեջ։

Մաքսատուրքերը սահմանվում են ի լրումն գործող տուրքերի, պարզաբանել է գերատեսչությունը։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի: Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք, միկրոսխեմաներ, մեքենաշինական սարքավորումներ, ածխաջրածիններ և մետաղներ։ Միացյալ Նահանգները Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիումային մարտկոցներ, պլաստիկե արտադրանք, կենցաղային սարքեր, կոշկեղեն, մանկական խաղալիքներ և շատ այլ ապրանքներ։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10%-ի չափով: Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 34%:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ