Последние новости

36 Կոնգրեսական Ռուբիոյին կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա

Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Այս նախաձեռնության առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։

Նամակում պետդեպարտամենտին կոչ է արվում «անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտի»՝ մարդու իրավունքների հաշվետվողականության օրենքի համաձայն, Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի հանդեպ պատերազմական հանցագործությունների և կոպիտ իրավախախտումների համար Լեռնային Ղարաբաղում»։

Նամակը ստորագրողներն ընդգծում են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», նախազգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները ենթարկվում են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

Նրանք ընդգծում են նաև ադրբեջանական անպատժելիության տարածաշրջանային հետևանքները՝ գրելով «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարությունները խաթարում են վստահության ձևավորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար։ Քաղաքական կալանավորների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։

Նամակի ավարտին կոնգրեսականներն անհապաղ միջոցների ձեռնարկման կոչ են անում «Մենք հավատում ենք, որ «Մագնիցկու պատժամիջոցները» կարևոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»։

Կոնգրեսական Դինա Տայթուսը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ առաջնորդության կոչերի առաջամարտիկ, իսկ Քրիս Սմիթը, ով հանդիսանում է «Գլոբալ Մագնիցկու ակտի» հեղինակներից մեկը և Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, նույնպես շարունակաբար հանդես է եկել հայության պաշտպանության դիրքերից։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ