Последние новости

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՉԵՆ ԶՈՀՎԵԼ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ նախկինում չհրապարակված վկայությունները թույլ են տալիս նոր տեսանկյունից նայել 20-րդ դարասկզբի ողբերգությանը: Այս մասին Երևանում կայացած «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ ականատեսների հուշերով հատուկ գիտական հանձնաժողով է զբաղվում։ Ինքը՝ Սաֆրաստյանը, մանրամասն ծանոթացել է հուշագրություններին, որոնցից շատերում Ցեղասպանության ժամանակ մանկահասակ երեխաները հիշում են, թե ինչպես են իրենց ընտանիքները մնացել առանց տղամարդկանց (նրանց զորակոչել էին օսմանյան բանակ) և փորձել են էին փրկվել թուրք զինվորների և ջարդարարների հարձակումներից: Կանայք ու տարեցները, իմանալով, որ ողջ մնալու գրեթե ոչ մի հնարավորություն չկա, անհավասար պայքարի մեջ են մտել, որպեսզի երեխաները թաքնվելու համար ժամանակ ունենան:

«Նրանք կռվել են մինչև վերջ՝ առանց զենքի, առանց հույսի, միայն մեկ մղումով՝ պաշտպանել երեխաներին։ Նման պատմություններ զանգվածաբար են արձանագրվել», - նշեց պատմաբանը։

Նա հավելեց, որ որոշ վայրերում, օրինակ` Վան քաղաքում, հայերին հաջողվել է զինված ինքնապաշտպանություն կազմակերպել։ Բայց առանց զենքի, ի սկզբանե կործանման դատապարտված մարդկանց սխրանքը, որի մասին քիչ բան է հայտնի, իր չափերով կարելի է համաժողովրդական դիմադրություն համարել։

Նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն էլ իր հերթին մատնացույց արեց Հայաստանի կրթական համակարգում առկա բացերը: Նա նշեց, որ ԱՄՆ 13 նահանգներում Հայոց ցեղասպանության թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրում, ընդ որում` ուսուցումն ընթանում է մշակված մեթոդաբանությամբ: Ամերիկացի դասախոսները փորձի փոխանակման նպատակով պարբերաբար մեր երկիր են այցելում, մինչդեռ բուն Հայաստանում այդ թեմայով ուսուցիչների համակարգված ուսուցում մինչ օրս չկա։

«Այս ֆոնին հատկապես նկատելի է Թուրքիայի հետ հակադրությունը»,– ընդգծեց Տեր-Մաթևոսյանը։ Այնտեղ ակտիվորեն գործում է հզոր պետական քարոզչամեքենա։ Շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող թուրքական սփյուռքի հետ աշխատելու համար ստեղծվել են մի քանի կառույցներ, որոնք ֆինանսավորվում են կրթական հիմնադրամների միջոցով: Նրանց ծրագրերով արտերկրում կրթաթոշակ են ստանում շուրջ 55 հազար ուսանողներ։

Ընդ որում` այդ կազմակերպություններից մի քանիսի գործունեությունը ազգային անվտանգության մակարդակով է մտահոգություն առաջացնում։ Այսպես` 2024 թվականին Գերմանիայի հետախուզական ծառայություններն իրենց զեկույցում նշել են, որ այդ կառույցներից մեկը ՝ «Եվրոպական դեմոկրատների միությունը», փաստացի կառավարվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից և զբաղվում է հակահայկական և հակաքրդական տրամադրությունների տարածմամբ։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ