Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Panorama.am-ի զրուցակիցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն է:

- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է: Այդ ակտիվությունն առաջին հերթին դրսևորվում է հնչող հայտարարություններով: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նույնիսկ ասաց, որ Արցախի նոր նախագահի պաշտոնավարման արարողության մեկնարկին պատրաստ են եղել հարձակողական գործողություններ սկսելուն:

- Եթե Ադրբեջանը պատրաստ լինի ռազմական գործողությունների, ապա նրան այդ քայլից հետ պահող որևէ «զանգ», «խնդրանք», «հորդոր» չի հուզի: Նույնն ապրիլյան մարտական գործողությունների օրերին էր, Ադրբեջանի նպատակը Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծումն էր, սակայն պլանները ձախողվեցին, ինչի արդյունքում ադրբեջանցի պաշտոնյաները սկսեցին իրենց սփոփել կեղծ լրատվությամբ, որոնք բարեհաջող փոխանցում էին հանրությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը սիրում է հայտարարել, որ ապրիլյան մարտական գործողություններին իրենց ռազմական ներուժի 20 տոկոսն է ներգրավվել՝ փորձելով դա ներկայացնել, որպես ռազմական մեծ պոտենցյալ ունեցող երկիր: Իսկ ո՞վ է միամիտ, որ մտածում է, թե Ադրբեջանը հնարավորություն է ունեցել առաջ գալու և չի ուզել կամ արտաքին ուժերը չեն թողել: Ադրբեջանի գրոհային ուժերը տարբեր ուղղություններով ջախջախվել են ու դարձել անմարտունակ: Մինչև հիմա համալրում են, բայց «ջարդվածի» բարոյահոգեբանական շեմը չեն կարողանում անցնել:

Այնպես որ կրկնում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին նույնիսկ իրենց երկրում են քչերը հավատում:

Դա ի դեպ, լավագույնն արտահայտվում է սոցցանցերի արդրբեջանական սեգմենտում Զաքիր Հասանովի հայտարարությունների վերաբերյալ հումորային, անլուրջ, իսկ որոշ դեպքերում՝ վիրավորական արձագանքներով:

Կրկնում եմ՝ Ադրբեջանը պատրաստ է եղել կիրառելու իր զինուժի ողջ հնարավորությունները, սակայն մեր պաշտպանական և առհասարակ ռազմական հնարավորությունները թույլ չեն տվել Ադրբեջանին՝ իրենց ողջ զինանոցը կիրառելու, ծավալվելու և իրենց ցանկալի պլանով առաջ շարժվելու համար:

- Մամուլում նաև ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան 30 մլն դոլարի հասնող ռազմական համագործակցության պայմանագիր են կյանքի կոչում, խոսվում էր տարբեր տեսակի զինատեսակների ձեռք բերման մասին:

- Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցության մեծ թվով պայմանագրեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցության, որևէ մեկի համար նորություն չէ: Խոսվում է իրականում զինատեսակների մասին, որոնք բավականին վտանգավոր են, սակայն դրանց ձեռք բերման մատակարարումները միայն այդ 30 մլն դոլարանոց պայմանագրով չեն սահմանափակվում: Մյուս կողմից, այս ու սրան զուգահեռ տեղեկատվական դաշտում հայտնված մեծ թվով հարցեր հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը ներկայացնում է բավականին ուռճացված ձևով: Չեմ ասում, որ այդ համագործակցությունն է ուռճացված, ուռճացված է դրա ներկայացումը, որն այսօր առավել քան երբևէ կարևոր է Ադրբեջանի իշխանությունների համար:

-Նկատի ունե՞ք Ադրբեջանի ներքաղաքական վիճակը:

- Միանշանակ, Ադրբեջանում ընթացող տեսանելի, ոչ տեսանելի գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունը քաղաքական, տնտեսական առումով երկրի ներսում մեծ թվով խնդիրներ ունեն: Հոխորտանքների բառապաշարը մեծ առումով անմիջական առնչություն ունի նաև այս իրավիճակի հետ:

Սակայն մյուս կողմից, Ադրբեջանը բաց, առանց կաշկանդվելու և միջազգային հանրության կարծիքը հաշվի առնելու խոսում է մի բառապաշարով, որը ոչ մի կերպ չի նպաստում առկա խնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությունից:

- Արդյո՞ք այս տեսանկյունից Հայաստանը շահեկան դրության մեջ է:

- Հայաստանի ներքաղաքական դաշտում էլ կրքերն այդքան հանդարտ չեն: Հատկապես համավարակով պայմանավորված լարվածության աճի, ստեղծված իրավիճակում իշխանության վարած քաղաքականության և դրա հետևանքով առաջ եկած քաղաքական, սոցիալական, տնտեսական լարվածությունը երկրի ներսում բազմաթիվ անպատասխան հարցադրումներ են առաջացրել:

Երկրի ներսում, իշխանության՝ ներքաղաքական տարբեր սուբյեկտների հետ հարաբերությունների ճիշտ կառուցումը շատ կարևոր է՝ հասկանալու, թե Ադրբեջանի հետ հնարավոր լարվածության, նոր առճակատման պայմաններում ինչ մեկնարկային հնարավորություններ կունենանք և առկա անվտանգային մարտահրավերները ինչ գնով կլուծենք:

Այս տեսանկյունից, իշխանությունը ցանկացած քայլի գնալուց միշտ պետք է նկատի ունենա, որ ներքաղաքական գործընթացները ուղիղ փոխկապակցվածություն ունեն մեր անվտանգության բաղադրիչի հետ և այդ քայլերի կենսունակությունից, խելամտությունից, արդյունավետությունից են կախված, թե ինչ ենք փոխանցում այդ համակարգին, որքանով ենք ուժեղացնում կամ խոցելի դարձնում:

- Առաջնագծում նոր զարգացումներ նկատելի ե՞ն:

- Մեր կենտրոնը («Հենակետ») ուսումնասիրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից շահագործման հանձնված մեծ թվով ռազմական բնույթի կառույցների թեման: Նոր զորամասեր, նոր ենթակառուցվածք, նոր շինություններ: Նշածս կառույցների մի մասը առաջնագծի մերձակա բնակավայրերում, շրջաններում է տեղակայված: Որքան էլ Ադրբեջանից հնչող հայտարարություններում քարոզչական բաղադրիչը մեծ է, պետք է մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի զինված ուժերի շարժերի դինամիկան՝ առավել հստակ հասկանալու, կանխատեսելու Ադրբեջանի մտադրությունները որոշակի ժամանակային կտրվածքով:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ