Последние новости

Ո՞ՒՄ ՊԱՏՎԵՐՆ Է

«ԳԱ»-ին տված հարցազրույցում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեկնաբանում է Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը՝ դպրոցական ծրագրից հանելու «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից բացառելու որոշումը:

-Այդ որոշումը համարում եմ սխալ և հայ ժողովրդի շահերին հակասող։ Բանն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը պարզապես Եկեղեցու պատմությունը չէ։ Դա հայ ժողովրդի պատմության շատ կարևոր մասն է, նրա հոգևորության պատմությունը։ Հայ ժողովրդի բուն պատմությունն այլ առարկա է՝ կապված մեր անցյալի իրադարձությունների հետ, իսկ «Հայոց Եկեղեցու պատմությունը» ներկայացնում է 17 դարերի ընթացքում հայ ժողովրդի, հասարակության զարգացման հենց հոգևոր տեսանկյունը, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության ազդեցությամբ ձևավորված մեր բարոյական և արժեքային համակարգը։ Եվ այդ վարդապետությունը այն միասնական արժեքային հենքն է, որի շուրջ տեղի է ունենում ազգի համախմբումը։ Առհասարակ հայ ժողովրդի զարգացման ու կայացման այս հատվածը մեզանում քիչ է լուսաբանված, և տվյալ առարկան միակն էր, որն ամբողջականորեն ներկայացնում էր ազգային կյանքի այդ տեսանկյունը։ Հաշվի առնելով մեր պատմության բոլոր առանձնահատկություններն ու համաղետները՝ հասարակության համախմբումը հնարավոր էր միայն այդ հիմքի վրա։

Ես հիմա չեմ անդրադառնում զուտ կրոնական հարցերին, բայց հայոց պետականության բացակայության պայմաններում մեր Եկեղեցին իսկապես ազգապահպան կարևորագույն գործոնն էր։ Եթե վերցնենք, օրինակ, այնպիսի երկիրը, ինչպիսին ԱՄՆ-ն է, որն ունի տնտեսական զարգացման, քաղաքական ազդեցության և անվտանգության շատ բարձր մակարդակ, ապա ամերիկյան ժողովրդի համար համախմբումը պահպանման և զարգացման պարտադիր պայման չէ։ Այդ երկիրը գտնվում է բավական հեռավոր մայրցամաքում, որտեղ նա չունի թշնամիներ, և ոչ ոք ոտնձգություն չի կատարում նրա ամբողջականության ու անվտանգության դեմ։ Իսկ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գրեթե միշտ թեժ կետ է եղել աշխարհի քարտեզի վրա, շրջապատված ժողովուրդներով, որոնց դժվար է բարեկամ անվանել, մեր պատմությունը մշտական սպառնալիքների շղթա է, ընդհուպ մինչև ֆիզիկական իսպառ ոչնչացում, և առճակատման պայմաններում այդ գոյատևումը պահանջում է ազգի առավելագույն համախմբում՝ որպես նրա պահպանման պարտադիր պայման։ Եվ, կրկնեմ, մեր համախմբման հիմքը հենց ավանդական արժեքներն են, որոնց կրողն առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցին է։

-Բայց չէ՞ որ դրանք համաքրիստոնեական արժեքներ են

-Դրանք ավելի շուտ համամարդկային արժեքներ են, որոնք իր ուսմունքի մեջ կենտրոնացրել է Հայ Առաքելական Եկեղեցին: Դրանք այն արժեքներն են, որոնք մարդու մեջ պահպանում են վեհ ձգտումներն ու բարոյական հասկացությունները։ Այդ սկզբունքներից հրաժարվելը, պոստմոդեռնիզմի գետնամերձությանն անցնելը տանում է դեպի քաղաքակրթության մայրամուտ, մարդկության վախճան։ Դա անխուսափելի է, եթե աստվածայինը, վսեմ իռացիոնալը մղվում է երկրորդ պլան։ Այսօր մենք ականատեսն ենք քրիստոնեական բարոյականությանը հակասող նոր «արժեքների» լեգիտիմացման գործընթացի, և մեր Եկեղեցին իր բարոյական հիմքերով, ինչպեսև նախկինում, դարեր շարունակ մեր մեջ պահպանում է մարդկայինը, պաշտպանում վտանգավոր ներգործություններից։

Արտառոց է, որ որոշումն ընդունվել է առանց հանրության հետ քննարկումների։ Ո՞վ և ինչո՞ւ է բացառել «Հայոց եկեղեցու պատմությունը» ուսումնական ծրագրից։ Ի՞նչ ոլորտի մասնագետ են այդ մարդիկ: Ի՞նչ նկատառումներով են առաջնորդվել, ո՞ւմ պատվերն են կատարել՝ կայացնելով մեր ժողովրդի շահերին հակասող որոշումը։ Ի՞նչ նպատակներ են հետապնդում։ Եթե այդ մարդկանց մտադրություններն արդար են, և նրանք ունեն իրենց փաստարկները, որոնք մենք ուշադրության չենք առել, ապա եկեք բաց քննարկենք այդ հարցը։ Բոլոր դեպքերում հասարակությունն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, որը պետությունը չպետք է անտեսի։

-Բայց ինչ-որ քննարկումներ այնուամենայնիվ եղել են

-Քննարկումների հատուկենտ դեպքերը, որոնց մասնակցել է ընդամենը մի քանի մարդ, չեն կարող ներկայացնել հասարակության կարծիքը, ժողովրդի կամքը: Ես երկու անգամ մասնակցել եմ նման քննարկումների՝ ռադիոյում և հեռուստատեսությունում, բայց իմ տեսակետն ակնհայտորեն չի համընկնել հաղորդումների հեղինակների դիրքորոշման հետ, և ինձ պարզապես դադարել են հրավիրել այդ քննարկումներին։

-Հնարավոր է, որ նման որոշում կայացնողների փաստարկներից մեկն այն է, թե Հայաստանի ողջ բնակչությունը չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է: Հնարավոր է, որ այս քայլը մեր «ժողովրդավարական» ժամանակներում մոդայիկ փորձ է՝ պաշտպանելու կրոնական այլ դավանանքների ներկայացուցիչների շահերը։ Բայց ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա պետության անվանադիր ազգի շահերը ոտնահարելու հաշվին։

-Դա անհամոզիչ փաստարկ է: Նախ, ըստ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կողմից պարբերաբար անցկացվող հարցումների, մեր երկրի բնակչության 84-86%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և երկրի բնակչության մեծամասնության շահերը չի կարելի անտեսել: Երկրորդ, «Հայոց Եկեղեցու պատմության» դասավանդումը ամենևին չի վիրավորում և չի ոտնահարում այլ դավանանքների ներկայացուցիչների կրոնական զգացմունքները։ Դա ծանոթություն է այն ժողովրդի ազգային առանձնահատկություններին և հոգևորությանը, որի հետ Հայաստանում ապրում են ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Եվ վերջապես, երրորդ. «Հայոց Եկեղեցու պատմության» ուսումնական դասընթացում ներառված է նաև այլ կրոնների ուսումնասիրությունը, առաջին հերթին՝ այն ժողովուրդների, որոնք բնակվում են Հայաստանի տարածքում։ Մեր երկրի բնակչության հիմնական մասը կազմում են հայերը, բայց այդուհանդերձ այստեղ ապրում են և՛ ռուսներ, և՛ հույներ, և՛ եզդիներ, և՛ քրդեր ու այլ ժողովուրդների, դավանանքների և կրոնական հոսանքների ներկայացուցիչներ։ Իսկ «Հայոց Եկեղեցու պատմության» դասընթացը ներառում էր ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված նյութի ուսումնասիրությունը։ Մեր դպրոցականներին ծանոթացնում էին ուղղափառությանը, իսլամին, եզդիների Շարֆադինին, նույնիսկ բուդդայականությանը, թեև այդ կրոնի ներկայացուցիչները Հայաստանում հատուկենտ են։ Ամեն դեպքում չմոռանանք, որ Հայաստանում երբեք կրոնական հողի վրա բախումներ և խտրականություն չի եղել։

-Հասարակությունն ինչ-որ կերպ արձագանքո՞ւմ է այդ որոշմանը։

-Անշուշտ, կա և՛ վրդովմունք, և՛ դժգոհություն։ Բայց նրանք, ովքեր ընդունեցին այդ որոշումը հենց ներկայումս, ամենահարմար պահն են ընտրել իրենց ակնհայտորեն ոչ բարի նպատակներին հասնելու համար։ Ամառ, շոգ, մեկուսացում, համավարակ, հասարակական ակցիաների անցկացման անհնարինություն: Բայց մենք չպետք է ընդունենք դա որպես վերջնական որոշում։ Հայ Առաքելական Եկեղեցին, որը մեր ժողովրդի հետ է եղել բոլոր ժամանակներում, նրա հետ կիսել ամենածանր փորձությունները, եղել և մնացել մեր հոգևորության, ավանդույթների և բարոյական սկզբունքների պահապանը, օգնել գոյատևել ամենածանր ու վտանգավոր պայմաններում, անշուշտ, արժանի է հարգանքի և երախտագիտության: Մեր Եկեղեցու շահերը ժողովրդի շահերն են, որոնց դավաճանել մենք իրավունք չունենք։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОКА ВСЕ ПОД КОНТРОЛЕМ
      2024-07-20 09:48

      В интервью «ГА» участник проходившей в Ереване международной конференции по эволюции и искусственному интеллекту, сотрудник Лондонского института математических наук Михаил БУРЦЕВ говорит об искусственном интеллекте, его возможностях и перспективах использования.

    • ИНСТИТУТ КЕНДЛ: ТЕМП РАЗВИТИЯ УСКОРЯЕТСЯ
      2024-07-18 10:09

      Институт синхротронных исследований КЕНДЛ стал, по-видимому, первым научным учреждением Армении, полностью перешедшим на использование солнечных батарей. Подготовка к переводу работы института на восстанавливаемую энергию началась в конце прошлого года, когда совместно с Государственным фондом энергоэффективности был разработан проект, включающий целый ряд мероприятий, направленных на сокращение затрат энергии, а также приобретение и установку солнечных панелей. Была проведена теплоизоляция здания института, заменены окна, что позволит сократить энергетические потери до 50%.

    • ИЗМЕНИТЬСЯ, ЧТОБЫ ВЫЖИТЬ
      2024-07-15 09:37

      В интервью «ГА» сотрудник Института эволюционной физиологии и биохимии им. И.М. Сеченова Российской академии наук Игорь РУЗИН рассматривает вопросы эволюции и возможности практического применения результатов этих исследований.

    • И ГУМАННОСТЬ, И ИНТЕРВЕНЦИЯ
      2024-07-11 09:20

      В интервью «ГА» доктор исторических наук, ведущий научный сотрудник Института истории НАН РА Гаянэ МАХМУРЯН говорит о том, как и почему США оказывали Армении помощь в период после Первой Мировой войны.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ