Последние новости

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԵՆ. Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիային չի՞ հաջողվի ծնկի բերել ԵՄ-ին

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և հոկտեմբերի 1-ին նախագահներ Թրամփի, Պուտինի և Մակրոնի արած համատեղ հայտարարությունը բովանդակում են թափանցիկ ենթատեքստ, որը վկայում է այն մասին, որ հակամարտության կարգավորումը և դրա փոխադրումը թեժ փուլից մարման փուլ տեղի է ունենալու դե յուրե առանց Թուրքիայի շահերի հաշվառման և նրա մասնակցության:

Այսօր շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչո՞ւ Պուտինը չի զանգահարել Ալիևին, որպեսզի նրա հետ քննարկի ռազմական գործողությունների դադարեցման հարցը։ Պատասխանը հանգում է ռազմական գործողություններին Թուրքիայի դե ֆակտո մասնակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կտրական հայտարարություններին՝ մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին։ Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ղեկավարությունը միջազգային հանրությանը կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը և դրանով իսկ դադարեցնել արյունահեղությունը։

ԵՄ բանաձևը, Էմանուել Մակրոնի դիմումը ՆԱՏՕ-ին՝ Թուրքիայի վերաբերյալ, Ադրբեջանի կողմում պատերազմող վարձկանների առկայության փաստի հաստատումը Պենտագոնի կողմից. ողջ այս աղմուկը չի կարող սքողել ակնհայտը. ակներև է միջազգային իրավական նորմերի բացարձակ զրոյացումը, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ այդ նորմերը չեն գործում։ Իր հերթին՝ Ալիև-Էրդողան հանցավոր տանդեմն ակնհայտորեն անտեսում է ԵՄ անդամ պետությունների բոլոր փորձերը՝ հիշեցնելու միջազգային իրավունքի նորմերի մասին։ Գործում է «եթե չկան պատժամիջոցներ, ուրեմն չեն եղել նաև խախտումներ» սկզբունքը։

Ավստրիայի կանցլերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիային չի հաջողվի ծնկի բերել Եվրամիությանը, այսօր կարող է միայն քմծիծաղ առաջացնել։ ԵՄ-ի համարձակությունը չբավականացրեց նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Էրդողանին միայն զգուշացրեցին, որ չափը չանցնի Միջերկրական ծովում տիրող իրավիճակի պարագայում։ Իսկ վարձկան-ահաբեկիչներ հավաքագրել ու ապահովել դրանց տեղափոխումն Ադրբեջան ուրեմն կարելի՞ է։ Պենտագոնը, կրկնեմ, հաստատեց այդ փաստը, իսկ ԵՄ-ն լռեց։ Զուր էր կանցլերը հիշատակում ծնկի բերելու մասին։ Թուրքիան ընդունեց Բրյուսելի դիրքորոշումը որպես իր գործողությունների խրախուսում և շարունակում է վարձկաններ հավաքագրել Սիրիայում ու Լիբիայում՝ ապահովելով այդ զորակազմի օդային փոխադրումը Ադրբեջանի տարածք։ Ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների ընթացքում կիրառում է կասետային արկեր, որոնք արգելված են միջազգային նորմերով։

Ալիևն ու Էրդողանը խախտել են բոլոր տաբուները

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Արցախի տարածքին: Համաշխարհային ազդեցիկ պարբերականներն արդեն սկսել են խոսել այն մասին, որ անհնար է ճեղքել պաշտպանությունը շփման գծի ողջ երկայնքով։

Ըստ նրանց կանխատեսումների, դա կարող է հանգեցնել Հայաստանի տարածք ներխուժելու փորձերի՝ Նախիջևանի կողմից, որտեղ, ինչպես հայտնի է, կենտրոնացած է թուրքական ռազմական համակազմը։ Բացառված չէ նաև Տավուշի սահմանային հատվածում Ադրբեջանի կրկնակի սադրանքը։ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը բացահայտորեն անտեսում է միջազգային հանրության բոլոր կոչերը հրադադարի վերաբերյալ։ Ճիշտ է, Թրամփը դեռ չի արտահայտվել «սոլո» ռեժիմով, իսկ Ռուսաստանի ջանքերին թուրքերը չեն արձագանքում։ Քաղաքագետների կարծիքով, եթե Թուրքիան խախտի Հայաստանի սահմանները, դա կնշանակի համաշխարհային պատերազմի սկիզբ, որի մեջ, բացի տարածաշրջանի պետություններից, կներքաշվեն Ռուսաստանն ու Չինաստանը:

Հայաստանում վերլուծական հանրությունը մատնանշում է, որ ներկա իրավիճակի պատճառները պետք է փնտրել 2016-ին Ռուսաստանի կողմից սպառազինության հավասարակշռությունը խախտելու մեջ: Ի տարբերություն 2016-ի, Մոսկվան արդեն չի կարողանում վերահսկողության տակ պահել Բաքվին: Ռուսաստանյան որոշ շրջանակներ հանդես են գալիս Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ներգրավելու օգտին, ընդ որում՝ հղումներն առ այն, թե այդ ինտեգրումը կարող է դուր չգալ Թուրքիային, արդեն հնացած են։ Այսօր ավելի հաճախ խոսվում է այն մասին, որ Էրդողանին միանգամայն ձեռնտու է թուրքական ներկայությունն ապահովելու հեռանկարը ոչ միայն ԱՄՆ-ի հովանու ներքո գործող դաշինքում, այլև Ռուսաստանի հովանու ներքո գործող ԵԱՏՄ-ում, որտեղ Թուրքիան դե ֆակտո ներկայացված կլինի ի դեմս Ադրբեջանի։

Ադրբեջանի տված մարդկային ահռելի կորուստների խորապատկերին երկու առաջնորդների հավակնությունները ծայրահեղ են։ Ալիևն ու Էրդողանը ոչ միայն խախտել են միջազգային տաբուներն ու լիակատար անպատժելիություն զգացել, այլև պատրաստ են ցանկացած գործողության, ինչը չի կարող չանհանգստացնել քաղաքակիրթ աշխարհին: Այդուհանդերձ միջազգային հանրությունը սահմանափակվեց կոչերով ու գնահատականներով։ Ոչ մի պատժամիջոց։ Այդ վերաբերմունքը միայն բացում է հանցավոր տանդեմի ախորժակը, որը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը։ Կիրակի օրը կրկին ռմբակոծում էին Ստեփանակերտը…

Ում է Աստված զրկել բանականությունից…

Իրադարձությունների հնարավոր զարգացման բազմաթիվ կանխատեսումների մեջ մենք կանգ առանք այն կանխատեսման վրա, որ շատ շուտով Ալիևը կզղջա, որ թույլ տվեց ներքաշել իրեն արյունոտ արկածախնդրության մեջ և Էրդողանի հետ ձայնը մեկ արած փորձեց պայմաններ թելադրել համաշխարհային հանրությանը: Եվ ոչ այն պատճառով, որ ԵՄ-ն կդիմի պատժամիջոցների, իսկ ՀԱՊԿ-ը կմիջամտի իրավիճակին։

Ալիեվը կզղջա Էրդողանի թելադրանքով շարժվելու համար այն պատճառով, որ այդ պատերազմը ներսից կպայթեցնի իրավիճակն իր երկրում։ Բայց դա այլ խոսակցության թեմա է, իսկ սա ավարտենք արձանագրումով, որ համաշխարհային կառույցները (համենայնդեպս՝ այսօրվա դրությամբ) ցույց տվեցին, որ անկարող են տեղը դնել ռազմական երկու հանցագործներին, որոնք փորձում են իրականացնել Հայաստանի և Արցախի ոչնչացման, իսկ միաժամանակ նաև Ադրբեջանին բնիկ ազգաբնակչությունից՝ ազգային փոքրամասնություններից ազատելու զառանցալի գաղափարը։

Այսօր ռազմական հանցագործներ Ալիևի և Էրդողանի ձեռքերն անկաշկանդ են։ Ցեղասպան երկու պետությունները փորձում են կրկնել 1915-ի պատմությունը, իսկ աշխարհն արդեն երկու շաբաթ շարունակ ձևացնում է, թե չի նկատում այդ փորձը։ Ռազմական հանցագործներն այդքանով կանգ չեն առնի, նրանք ավելի հեռուն կգնան։ Ասում են, երբ Աստված ուզում է պատժել մարդուն, զրկում է նրան բանականությունից։ Իսկ երբ արնաթաթախ ձեռքերով երկու խելագարներ միավորվում են մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու զառանցագին գաղափարի շուրջ, ապա օրինաչափ հարց է ծագում. ո՞վ է ավելի խելագար, ռազմական հանցագործները, թե՞ 1915թ. Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների առաջնորդները, որոնք այսօր հանգիստ հետևում են պատմությունը կրկնելու Ալիևի և Էրդողանի փորձին։

Ինչո՞ւ այդ առաջնորդները դատապարտեցին այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, և համառորեն չեն նկատում, թե ինչպես է նույնը կատարվում իրենց աչքի առաջ։ Ցեղասպան պետություններին կարող է կասեցնել միայն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, հակառակ դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն կոպտորեն խախտել միջազգային բոլոր իրավական նորմերը։ Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը կդառնա բնական և համարժեք արձագանք արյունալի տանդեմի ոճրագործություններին։ Ո՞վ առաջինը կճանաչի Արցախի անկախությունը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»
      2020-11-26 21:15
      79

      Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո իրավական բնույթի, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, գերիներին և անհայտ կորածներին վերաբերող բազմաթիվ հարցեր մնացին օդում կախված։ Այսպես, հրադադարից հետո Ղարաբաղի մի շարք բնակավայրեր (ավելի քան 180) ստորագրված հայտարարության պայմաններով հանձնվում են Ադրբեջանին։ Հայկական իշխանությունների լռության խորապատկերին՝ հանձնվում են նաև այն գյուղերը, որոնց մասին ի սկզբանե խոսք անգամ չի եղել։ Հայրենի տունը թողած մարդիկ հայտնվել են բառացիորեն ճանապարհներին։

    • ԲՌՆԱԿՑՈՒՄ՝ ԿՈՆՏՐԻԲՈՒՑԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ. Ի՞ՆՉ ԵՐԱՇԽԻՔ ԿԱ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
      2020-11-25 20:22
      36

      Ոչ թե պայմանագիր, այլ պայմանավորվածություն Հայաստանի ոչ մի քաղաքացի, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, չի կարող վստահ լինել, որ կեսգիշերից հետո իրեն չեն արթնացնի այն լուրով, որ Փաշինյանը կամազրկության հերթական նոպայի մեջ հանձնել է Սյունիքը։

    • «ՄԵՆՔ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»
      2020-11-14 08:43
      66

      Միավորված 17 քաղաքական կուսակցությունների կազմակերպած բողոքի ցույցերը, որոնք հաջորդեցին Հայաստանի համար ողբերգական եռակողմ պայմանագրի հրապարակմանը, ինչը վերջ դրեց Արցախում ընթացող պատերազմին, շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել, հատկապես Հայաստանից դուրս։ «Իսկ ի՞նչ են նրանք ուզում. շարունակե՞լ պատերազմը։ Եվ ո՞ւմ դեմ են, ըստ էության, պատրաստվում պատերազմել. ռուս խաղաղապահների՞...»։ Իրավիճակը մեկնաբանում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ։

    • Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ՝ ԲԱՔՎԻՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՅԴ ՆՎԵՐԻ ՀԱՄԱՐ
      2020-11-12 08:39
      58

      Կորուստների մասին տվյալները զգալիորեն նվազեցված են Նոյեմբերի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ մտցնել, բայց Փաշինյանը դրան համաձայնեց միայն Շուշին հանձնելուց հետո։ Դժվար չէ ենթադրել, որ քաղաքական տերերը Նիկոլին պարտավորեցրել են 7 շրջանների հետ մեկտեղ հանձնել նաև բերդաքաղաքը։