Последние новости

ՄԻ՛ ԱՐԵՔ ԷԴՊԵՍ, ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ, ՈՒՂՂԱԿԻ ՄԻ՛ ԱՐԵՔ

Պատերազմը ներքաղաքական հաշվեպարզումների և հաշվեհարդարների ժամանակը չէ, պատերազմը իշխանություններին քննադատելու ժամանակը չէ, պատերազմը հասարակական բոլոր ուժերի և առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու միավորման ու համախմբման ժամանակն է պետության և երկրի գործող ղեկավարության շուրջ, և հայ հասարակությունը, հազվադեպ բացառություններով, ադրբեջան-թուրքական ագրեսիայի առաջին իսկ օրվանից ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել համախմբման փայլուն օրինակ։

Սակայն, պետք էր ենթադրել, որ ոչ միայն հասարակությունը, այլև իշխանության ներկայացուցիչները երկրի համար այսքան բարդ ու ճակատագրական ժամանակներում պետք է ամենաբարձր աստիճանի պատասխանատվությամբ վերաբերվեն սեփական հայտարարություններին, իրենց յուրաքանչյուր հրապարակային բառին, մանավանդ արտաքին աշխարհին և արտերկրում բնակվող հայրենակիցներին հասցեագրված խոսքին: Եվ այս համատեքստում ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը, որը նա արեց երեկ՝ ուղիղ եթերի ռեժիմով սփյուռքահայերի հետ շփման ընթացքում, պարզապես չի տեղավորվում որևէ շրջանակներում։

Երբ Սինանյանը չինացիներին սինթեզում է կորեացիների հետ և ստանում ճապոնացիներ, դա մեկ բան է, երբ նա ճամարտակում է այն մասին, թե ժողովրդագրական հեղափոխություն է անելու Հայաստանում՝ իր տեսանկյունից «անվտանգ» էթնոսներ ներգրավելու հաշվին, դրա վրայից էլ «անցանք», բայց երբ Գլենդեյլի նախկին քաղաքապետը, որն այժմ կարգավիճակի բերումով հնչեցնում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը՝ ներկայացնելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի և, ըստ էության, Հայաստանի նկատմամբ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետ կապված իրավիճակը, հայտարարում է, թե «մենք դաշնակիցներ չունենք, մենք մի դաշնակից ունենք՝ սփյուռքը», ապա դա, ներեցեք, արդեն պարզապես ուղեղի սայթաքում չէ։ Դա սադրանք է։

Հիմա չենք խոսի այն մասին, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ։ Սակայն արժե, հավանաբար, հիշեցնել Սինանյանին Ռուսաստանի մասին. Հայաստանի առանցքային ռազմավարական դաշնակցի, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի և մեր արտաքին սահմանները պաշտպանող ռուս սահմանապահների մասին։ Պարոն Սինանյանին, հավանաբար, արժե հիշեցնել նաև, որ Հայաստանն ընդգրկված է ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում, և եթե այսօր, պատերազմի պայմաններում, Հայաստանի ղեկավարությունը դեռևս հարկ չի համարում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, ապա դա չի նշանակում, թե դիմելու դեպքում մեր դաշնակիցները (և խոսքն առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի մասին է) չեն կատարի իրենց պարտավորությունները։

Օրերս «ԳԱ»-ն գրել է. «Ինչո՞ւ է Հայաստանը փաստացի հրաժարվում դիմել ՀԱՊԿ-ին։ Որ Հայաստանի Զինված ուժերը կարող են ապահովել երկրի անվտանգությունը, ոչ ոք չի կասկածում։ Բայց կարծում ենք, որ լայնածավալ ռազմական ագրեսիայի պայմաններում իշխանությունները պարտավոր են ոչ միայն ապավինել սեփական ուժերին, այլև օգտագործել երկրի անվտանգության ապահովման մյուս բոլոր մեխանիզմներն առանց բացառության։

Նախ, ՀԱՊԿ-ին դիմելու հիմքերն այս պահին առավել քան բավարար են։ Չէ՞ որ մարտական գործողություններն ընթանում են ոչ միայն Արցախում, գնդակոծվում են նաև Հայաստանի տարածքում գտնվող բնակավայրերը։ Եվ մեր Սու-25 մարտական ինքնաթիռը նույնպես թուրքական ռազմական ավիացիայի կողմից խոցվել է Հայաստանի տարածքում, ինչը ոչ միայն ագրեսիայի ակտ է ՀԱՊԿ անդամներից մեկի դեմ, այլև սպառնալիք ողջ տարածաշրջանի անվտանգության համար։

Երկրորդ՝ կրկնում ենք. ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են ապահովել երկրի անվտանգությունը։ Բայց կասկածից վեր է նաև, որ ՀԱՊԿ-ի արձագանքը միանշանակ կմարի ագրեսորի եռանդն ու կօգնի մարդկային կյանքեր պահպանել. ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ առաջնագծում թշնամու դեմ հերոսաբար մարտնչող մեր եղբայրների և զավակների։ Սակայն որպեսզի օգտագործվեն նաև ՀԱՊԿ մեխանիզմները, այդ կազմակերպությանը պետք է դիմել պաշտոնապես»։

Ուրեմն ի՞նչ նպատակով եք մոլորեցնում Սփյուռքին (և ոչ միայն), հայտարարելով, թե «մենք դաշնակիցներ չունենք»։ Ի դեպ, այսօր ռուս վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը տարակուսանք է հայտնում, թե ինչու է Հայաստանը հապաղում ՀԱՊԿ-ին դիմելու հարցում։

Մինչդեռ, եթե Զարեհ Սինանյանն անպայման ուզում է ինչ-որ բանի մասին արտահայտվել, ապա գուցե նա բարի լինի և բացատրի, թե ինչո՞ւ Արցախի դեմ ադրբեջան-թուրքական ագրեսիայի երկրորդ օրը, այսինքն սեպտեմբերի 28-ին, վարչապետ Փաշինյանի որոշմամբ չեղարկվեց ավելի վաղ ընդունված որոշումը՝ Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությանը Ռուսաստան գործուղելու մասին։ Եթե խոսքը վերաբերեր երգ ու պարի մրցույթի, դա դեռ կարելի կլիներ հասկանալ, դրա ժամանակը չէ։ Բայց ռազմատեխնիկական համագործակցության թեման, որը ռազմավարական դաշնակցի հետ քննարկվում է ֆորս-մաժորի պայմաններում, մի՞թե կրկնակի արդիականություն չի ստանում։

Իսկ վերադառնալով Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի սադրիչ հռետորաբանությանը, կցանկանայի նրան պատասխանել իր իսկ ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի խոսքերով. «Մի՛ արեք էդպես, ուղղակի մի՛ արեք»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ