Последние новости

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հասցրած հարվածը խաղաղության գործընթացին չի կարող անտեսվել հետագայում

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման և հարցի ուժային լուծման փորձ է կատարում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսին:

Ըստ նրա` նման ցեղասպան ոճը տարբերություն չի դնում զինվորական և քաղաքացիական անձանց միջև, հակառակը` այն ուղղված է քաղաքացիական բնակչության ոչնչացմանը:

Ադրբեջանը մեթոդաբար գնդակոծում է Արցախի 120 քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 27-ից սկսած ագրեսիայի ընթացքում Թուրքիայի աջակցությամբ անխնա հարվածների արդյունքում` օդանավերի, անօդաչու թռչող սարքերի, հրետանիի, հրթիռների, ծանր հրթիռների, տանկային ստորաբաժանումների կիրառմամբ, տեղի են կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր: Շատերը սպանվել և վիրավորվել են կլաստերային արկերի օգտագործման արդյունքում: Հոկտեմբերի 10-ի դրությամբ զոհվել է Արցախի 23 խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ, որից 81-ը` ծանր, մեծ թվով ներքին տեղահանվածներ կան, հսկայական վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակարանային ֆոնդին: Ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել է 6000 քաղաքացիական օբյեկտ, հիմնականում` տներ, 960 ենթակառուցվածքային օբյեկտ:

Առանձնահատուկ բարբարոսություն է կրոնական, պատմական և մշակութային օբյեկտների ոչնչացումը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի խորհրդանիշին` Սուրբ Փրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: Արդյունքում վիրավորվել են խաղաղ բնակիչներ և մամուլի ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների ներկայացուցիչները վիրավորվել են երկրորդ հարվածի ժամանակ, տուժածների թվում է ծանր վիրավորված ռուս լրագրողը:

«Ներկայացվածը վկայում է այն գոյաբանական սպառնալիքի մասին, որին բախվում է Արցախի ժողովուրդը 30 տարի շարունակ»,- նշեց նախարարը` շեշտելով, որ ներկայիս սրումը տարբերվում է երկու առանձնահատկությամբ` Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխմամբ: «Դա ոչ միայն ապացուցվել է մեր աղբյուրների կողմից, այլև հաստատվել և բարձրաձայնվել է համաշխարհային հանրության կողմից: Դիմելով թուրք ահաբեկիչների օգնությանը` Ադրբեջանն ինքն է դարձել ահաբեկչության ընդլայնման հարթակ տարածաշրջանում: Ահաբեկիչներին դեպի Հարավային Կովկաս միջանցքի տրամադրման այս քաղաքականությունը հղի է բռնության նոր ալիքներով ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Դա անհրաժեշտ է դադարեցնել»,- հայտարարեց նախարարը: Այս կապակցությամբ նա շեշտեց Ռուսաստանի դերը և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ջանքերի համար:

Նախարարը ցավով նշեց, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն կատարվել, և մատնանշեց վերիֆիկացման մեխանիզմների մշակման կարևորությունը: «Հայաստանը հավատարիմ է եղել և մնում կարգավորման խաղաղ ճանապարհի որոնմանը: Այսօր և վաղը հանդիպումներ տեղի կունենան համանախագահների հետ: Սակայն խաղաղ գործընթացին հասցված հարվածը չի կարող անտեսվել: Դա ծայրաստիճան բացասական ազդեցություն է գործել: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք կձեռնարկենք բոլոր միջոցները` Արցախի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,- ասաց ՀՀ արտգործնախարարը` հավելելով, որ տարածաշրջանը հարկավոր է մաքրել ահաբեկիչներից և նրանց հովանավորներից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ