Последние новости

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ»,- ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ

Պետք է ճիշտ կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ

-Հետևելով բանակցությունների նոր ձևաչափ գործարկելու Իրանի փորձերին, 3+2-ի (միջնորդ պետություններ+Հայաստան+Ադրբեջան) փոխարեն՝ 3+2+1+1 ձևաչափ (միջնորդներ+ Հայաստան+Ադրբեջան+Թուրքիա+Իրան), կարելի է եզրակացնել, որ կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի հավակնությունները մասամբ պսակվել են հաջողությամբ։ Հենց այդ պատճառով էլ Իրանը շտապեց հայտարարել կարգավորման գործընթացում իր դերի մասին. իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ այդ երկրի փոխարտգործնախարարի այցերը Մոսկվա, Բաքու և Երևան։

-Պատերազմական գործողությունները սահմանափակում են արտահայտվելու իմ հնարավորությունը. հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն միշտ հայտարարել է, որ իր համար միակ ընդունելին Մինսկի խմբի ձևաչափն է։ 25 տարի շարունակ Թուրքիան փորձեր է ձեռնարկում խցկվել ՄԽ համանախագահների կազմ և միջնորդի կարգավիճակ ստանալ։ Փորձերից վերջինը ձեռնարկվեց 2016 թվականին և ձախողվեց հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ։ Վերջին երկուսուկես տարիներին ես մշտապես խոսում եմ պանթուրքիզմի և պանթուրանիզմի սպառնալիքի մասին։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից՝ մենք խոսում ենք այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավվել որպես միջնորդ, մյուս կողմից՝ բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան մտել է տարածաշրջանային մեծ խաղի մեջ։ Ստեղծված իրավիճակում հայկական դիվանագիտության բոլոր ջանքերը, բացի ռազմական գործողությունների դադարեցումից, պետք է ուղղված լինեն նրան, որ խնդրի լուծումը մնա Մինսկի խմբի ձևաչափում։ Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ես գրառում կատարեցի այն մասին, որ հայկական կողմի հաղթանակը կլինի Թուրքիայի բացառումը Մինսկի խմբի կազմից, որի անդամ է նա։ Պարտություն կլինի Թուրքիայի դերակատարության աճը Մինսկի խմբի շրջանակներում կամ որևէ այլ ձևաչափում։

-Հոկտեմբերի 29-ին Պուտինի արած հայտարարությունը՝ Թուրքիայի մասնակցությամբ փոխզիջում և շահերի հավասարակշռություն գտնելու մասին, միանգամայն կոնկրետ էր։ Դրան նախորդել էր Էրդողանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը թող բանակցի Հայաստանի հետ, իսկ Թուրքիան խոսի իր եղբոր, այսինքն Ալիևի հետ։ Թվում է, որ խոսքը դե ֆակտո նոր ձևաչափի մասին է, այնպես չէ՞։

-Պուտինը հիշատակեց Մինսկի խմբի անդամներին և այդ թվում՝ Թուրքիային, իսկ Ալիևն արդեն խոսում է 2+2 նոր ձևաչափի մասին: Ռուսաստան-Հայաստան + Թուրքիա-Ադրբեջան։ Եթե հայկական դիվանագիտության ջանքերն արդյունք չտան, ապա կստանանք նոր իրավիճակ տարածաշրջանում՝ Թուրքիայի աճած ազդեցությամբ ու ներկայությամբ, ինչը ծայրաստիճան վտանգավոր է։ Առնվազն 100 տարի նա զուրկ է եղել նման ներկայությունից։ Աշխարհը փոխվել է, համավարակից հետո այն կլինի ոչ թե գլոբալ, այլ տարածաշրջանային։ Մեր տարածաշրջանում կլինեն երկու ուժեղ խաղացողներ. Ռուսաստանն ու Թուրքիան։ Պետք է ճիշտ կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ, առանց հզոր դաշնակցի աջակցության մենք չենք կարող։ Արևմուտքը մեզ չի օգնի։ Դա ակներև է Վուդրո Վիլսոնի (ԱՄՆ նախագահ 1913-1921թթ.) և Սևրի պայմանագրի ժամանակներից, որով Հայաստանին պետք է փոխանցվեին Կարսը, Վանը, Էրզրումը և այլ շրջաններ, բայց թուրքերը նույն օրը մտան Ալեքսանդրապոլ և շարժվեցին դեպի Երևան՝ ստիպելով մեզ ստորագրել տխրահռչակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Արևմուտքից, բացի դեկլարատիվ հայտարարություններից, ուրիշ ոչինչ ակնկալել պետք չէ։ Մոսկվան, իր հերթին, չի ցանկանում անմիջականորեն բախվել Թուրքիայի հետ, ուստի խոսում է փոխզիջումների մասին, հասկանալով, որ հակամարտության կողմերից մեկի կապիտուլյացիան կնշանակիՌուսաստանի անհապաղ դուրսմղում տարածաշրջանից։

Անհրաժեշտ է հստակ ձևակերպել պաշտոնական Երևանի դիրքորոշումը

-Տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանը թույլ չի տա Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ չեն բավարարվել Թուրքիայի բոլոր ծրագրերը…

-Ադրբեջանը ծայրաստիճան հստակ է ձևակերպում իր պահանջները, Թուրքիան՝ նույնպես։ Ալիևը խոսում է այն մասին, որ պահանջում է 5+2 շրջանները. հայկական դիվանագիտությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Օրինակ, ՀՀԿ-ի դիրքորոշումը 10 տարի, 5 տարի առաջ և վարչապետի հետ վերջերս ունեցած հանդիպումից առաջ ու հետո մնում է անփոփոխ։ Մեզ համար ընդունելի է կարգավորման միայն փաթեթային տարբերակը, որը ներառում է կարգավիճակի հարցը։ Մեզ համար անընդունելի է կարգավորման փուլային տարբերակը։ Մենք շարունակում ենք պնդել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի։ Սա մեր անսասան դիրքորոշումն է։ Իսկ ի՞նչ ենք լսում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի առաջին իսկ օրվանից։ Սկզբում ասում էին, որ խաղաղապահների հարցը մեր օրակարգում բացակայում է, հետո կողմ արտահայտվեցին խաղաղապահներին, սկզբում խոսում էին Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին, այնուհետ՝ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման, հետո՝ հանուն փրկության առանձնացման, հետո էլ՝ միավորման մասին։ Այնուհետ Փաշինյանը հայտարարեց «ցավոտ փոխզիջումների» գնալու հասարակության պատրաստակամության մասին, իսկ հետո արդարացավ, թե դա ասվել է արտաքին աշխարհի համար, և հայտարարեց մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին։ Սկզբում ասում էին, թե հողի մի թիզ անգամ չենք տալու, իսկ օրերս նախագահ Արայիկ Հարությունյանը հայերին կոչ արեց պաշտպանել Շուշին…

-Հասարակության մտածող հատվածը լուրջ մտավախություններ ունի, որ խոսելով «ցավոտ փոխզիջումների» գնալու հասարակության պատրաստակամության մասին՝ Փաշինյանը նկատի ուներ հենց տարածքների հանձնումը 5+2 սխեմայով…

-Անհրաժեշտ է հստակ ձևակերպել պաշտոնական Երևանի դիրքորոշումը և նշել, թե որտեղով են անցնում հնարավոր զիջումների կարմիր գծերը։ Ռազմաճակատում ամեն ինչ պարզ է. մեր խնդիրն է՝ վերադարձնել կորցրածը, պաշտպանել մեր հայրենիքը, փառք ու պատիվ մեր զինված ուժերին, բայց դիվանագիտական դաշտում դիրքորոշումները հստակեցում են պահանջում։ Պուտինն արդարացիորեն նշեց, որ սա բնավ տարածքային վեճ չէ, այլ ժողովրդի ինքնորոշման և նրա անվտանգության հարց։ Մեզ համար միշտ անընդունելի է եղել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» մոտեցումը, մեզ համար փոխզիջումային էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» լուծումը։ Դիվանագիտական ջանքերը պետք է հետապնդեն կոնկրետ նպատակներ, մինչդեռ իշխանությունն առավոտյան մեկ բան է ասում, ցերեկը՝ այլ բան, իսկ երեկոյան՝ ինչ-որ երրորդ բան։

Մեկ անձը չի կարող վճռել բոլոր հարցերը

-Իսկ իշխանությունը առաջվա պես մեկ ա՞նձն է: Ինչպես է ՀՀԿ-ն արձագանքում Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչերին։

-ՀՀԿ-ն ելնում է նրանից, որ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե դրան հաջորդի ճանաչումը Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների կողմից։ Միայն Հայաստանի կողմից ճանաչումը ոչինչ չի տա, իսկ ինչ վերաբերում է մեկ անձին, ապա հենց դրա գիտակցումը ստիպեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին 16 կուսակցությունների կազմում հանդես գալ Օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու պահանջով՝ ներգրավելով նախկին ու ներկա բոլոր նախագահներին, վարչապետներին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին։ Ավաղ, իշխանությունը ոչ մի կերպ չարձագանքեց այդ պահանջին։ Մինչդեռ Հայրենական պատերազմը պահանջում է բոլոր ռեսուրսների և հնարավորությունների կենտրոնացում. քաղաքականից մինչև ֆինանսական ու մարդկային։ Մեկ անձը չի կարող վճռել բոլոր հարցերը։ Պետությունը չպետք է անտեսի այնպիսի գործիչների փորձն ու հնարավորությունները, ինչպիսիք են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Էդուարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը… Խոսքը, հիշեցնեմ, որոշումներ կայացնելու իրավունքով օժտված շտաբի մասին է

-Փաշինյանը չցանկացավ կիսվել իշխանությամբ և միանձնյա հանձն առավ ողջ պատասխանատվությո՞ւնը:

- Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անհապաղ հրավիրելու մասին խորհրդարանական ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պահանջը նույնպես իշխանությունն անտեսեց, թեև ակնհայտ է, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է…

-Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմական գործողությունները սահմանափակում են արտախորհրդարանական ուժերի կողմից քննադատությունը իշխանության, այսինքն մեկ անձի հասցեին, բայց չէ՞ որ կարող է ստացվել այնպես, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլ ուժերի լռությունը շրջվի պետության դեմ։

-Հայաստանում ամեն ինչ պետք է տեղի ունենա առանց ցնցումների։ Առաջին ազատամարտի տարիներին մեր հաջողությունները մասամբ պայմանավորված էին Ադրբեջանի ներսում տիրող ապակայունացմամբ։ Իշխանությունը պարտավոր է իրատեսորեն գնահատել իրավիճակը, օգտագործել բոլոր ռեսուրսները պետության անվտանգության ապահովման համար և ակտիվորեն գործել դիվանագիտական ոլորտում, ինչը, ցավոք, ես չեմ տեսնում։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել ձեր ընթերցողներին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ի շուրջ 2 հազար անդամներ ռազմաճակատ են մեկնել զինկոմիսարիատների միջոցով և կամավորական ջոկատների կազմում. ցավոք, այսօր ունենք 4 զոհ և 12 վիրավոր։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ