Последние новости

Արայիկ Հարությունյան․ Դավաճանել ենք ազգովի

Արցախի նախագահը երեկոյան իր ուղերձում անդրադարձավ նաև այսօր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ հայտարարելով, որ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը պատերազմին

«Նկարվելը չեմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որևէ մեկն իրեն չվերագրի։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։ Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, և այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

Իսկ ինչու են վերջում զինադադար կնքել, ինչու են պարտավորված եղել՝ նախագահը պատասխանեց՝ որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները հիմնական առաջնագծում էին

«Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի Ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։

Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է դավաճանել իրենց։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջև, բոլոր նրանց, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։

Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետև արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում»։

Հարությունյանը դարձյալ շեշտեց՝ մեղավոր ենք բոլո՛րս, որ զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նրա խոսքով՝ նյութական մատակարարումը բավարար չէ պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, այդքան պիտի համալրես

«Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան դիակներ ունենք այսօր առաջնագծում, որովհետև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։

Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետև զորքն աջակցության կարիք ուներ։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք՝ առավելագույնը, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։

Մեր գեներալ-լեյտենանտ, նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին շնորհակալություն էի հայտնում գիտե՞ք՝ ինչի համար, որ մի քանի օր ամբողջ մի քանի կմ հատվածում համարյա զորք չունեինք, ում դիմում էինք՝ փախչում էին, ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը, և իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հարձակումները, այլև տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ հատվածում ունենք զորք։

Ով վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում՝ ի՞նչ վիճակում էր գտնվում, արդյոք պաշտպանվա՞ծ է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր։ Արդյոք բոլորը պատրա՞ստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, էլ մնացած հատվածները չեմ ասում։ Ինչպես էին թողնում դիրքերը շատ-շատերը, չհրապարակենք ոչ մի բան․․․ բավարարվենք»։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտից բնակչության տարհանմանը՝ նախագահն ասաց, որ ստիպված էին, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հազարավոր չլիներ

«Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին և իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։

Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երևանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա։Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երևանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ