Логотип

Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և վարքագծին՝ անդրադառնալով վարչապետի և քաղաքացու միջև տեղի ունեցած հրապարակային վիճաբանությանը, որի ընթացքում հնչել են սպառնալիքներ և փողոցային բառապաշարով վիրավորանքներ հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների, այդ թվում՝ հենց Ծառուկյանի հասցեին։

Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի նման պահվածքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։

«Ես կարձագանքեմ այսպես․ երկու օր առաջ էլ ես թույլ չտվեցի, որ իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ։ Հիմնականում ինքը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի։ Ութ տարի ժողովրդին խաբել է՝ առաջին օրվանից։ Մեզ էլ է խաբել, ինձ էլ է խաբել»,- հայտարարել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ եթե գործող իշխանությունն իսկապես ծրագիր ունենար, ապա այն հանգիստ և փաստարկված կերպով կներկայացներ հասարակությանը՝ առանց գոռգոռոցի և ընդդիմախոսների հասցեին վիրավորանքների։

«Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ ինքը նույնիսկ քաղաքական հակառակորդների հետ փորձում է խոսել հանգիստ և հարգանքով։

«Ես ասել եմ՝ «ՔՊ-ական ջան, քույրիկ ջան», բացատրել եմ շատ ճիշտ ձևով, և մարդիկ շնորհակալություն ասելով, ներողություն խնդրելով գնացել են»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

 Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է և այն փոխակերպելն անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտի։

«Հիմնական խնդիրը մեզ այդ ուղղության մեջ ներքաշելն է, որովհետև ինքը ասելու բան չունի։ Այդ մոտեցումն է, այդ շնորհքն է մեր ղեկավարի, որ նույն ձևով բանակցել է թե՛ մեր դաշնակիցների, թե՛ մեր թշնամիների հետ, ու դրա արդյունքում այսօր այս վիճակին ենք հասել՝ զոհեր ենք տվել, տարածքներ ենք կորցրել»,- հայտարարել է նա։

Ծառուկյանը նաև անդրադարձել է խաղաղության գործընթացին և իշխանությունների քաղաքականությանը՝ նշելով, որ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի զիջումների հաշվին։

«Երեկ էլ հայտարարեց, որ դեռ երեք շրջան պետք է հանձնի, ու այդպես շարունակվելու է։ Բայց դա խաղաղություն չէ։ Խաղաղությունը այն ժամանակ է, երբ կա փաստաթուղթ, կա ստորագրություն, կա երաշխիք, որ պատերազմի դուռը փակված է»,- ասել է նա։

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ միշտ պատասխանատու է եղել իր խոսքերի համար և այժմ ևս համոզված է, որ երկրում փոփոխություններ են անհրաժեշտ։

«Ես ինչ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ։ Հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի։ Թե չէ եթե այս վիճակը շարունակվի, Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա, ինչին արժանացավ Արցախը»,- հայտարարել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ այսօր երկրի առաջ կանգնած հիմնական խնդիրը միասնականության, կայունության և տնտեսական զարգացման ապահովումն է։

«Մենք պետք է կարողանանք միասնական կարգավորել մեր հարցերը, ձեռք բերել երաշխավորված խաղաղություն, ներդրումներ բերել, զարգացնել տնտեսությունը, որ մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի։ Պետք է զարգացնենք, ծաղկացնենք մեր երկիրը»,- նշել է նա։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Գագիկ Ծառուկյանը կրկին պնդել է, որ այն ընթանում է վախի և ճնշումների մթնոլորտում։

«Ես այն օրը հայտարարել էի՝ մարդկանց կանչում են, ստիպում դիմումներ գրել։ Դպրոցի ուսուցիչ է եղել, գյուղապետ է եղել, մարզիկ է եղել, ծրագրավորող է եղել, փոխքաղաքապետ է եղել։ Կանչելով ասում են՝ դիմում գրի, գնա։ Եվ սա համարվում է դեմոկրատիա»,- ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ նման դեպքեր արձանագրվում են գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո։

«Դա լինում է Թալինում, Գյումրիում, բոլոր տեղերում։ Ամեն հանդիպումից հետո սկսում են մարդկանց վրա ճնշում գործադրել, աշխատանքից հանելու սպառնալիքներ տալ»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է։

«Բայց սա ժամանակավոր է մինչև հունիսի 7-ը։ Հունիսի 7-ից հետո գնալու են։ Իսկ նրանք, ովքեր այսօր մարդկանց ստիպում են նման բաների, պետք է մտածեն՝ հետո ինչպես են պատասխան տալու, ինչպես են մարդկանց աչքերին նայելու, ինչպես են աշխատելու ժողովրդի մեջ»,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։

News.am