Логотип

Մեզանից գողանում են մեր ընտրությունը․ «Միասնության թևերը» հաղորդում ներկայացրեց

«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։

Կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։

«Մեզանից գողանում են մեր ընտրությունը»,- հայտարարեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ մեղքը գցում են այն մարդկանց վրա, որոնց էլ հենց իրենք ճնշում են։

«Մարդկանց ճնշման են ենթարկում, մեկին վախեցնում են՝ քննություն չի ստանա, մեկին, թե աշխատանքից կազատեն։ Իսկ եթե բացահայտվում է, ուրեմն մեղավորը հենց իրենք են դառնում։ Մենք ասում ենք՝ կատարողները նաև ձեր քայլերի զոհերն են, պատասխան պետք է տան նրանք, ովքեր այդ սխեմայի հովանավորն են»,- ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա