«Այսօր շարքային քաղաքացին քո դեմքին ասում է նույն այն խոսքերը, ինչ տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիները կամ քո սխալ քաղաքականությունից տուժած հայ ազգի ներկայացուցիչները, իսկ դուք փորձում եք ձեր մեղքերը բարդել ժողովրդի վրա»։ Facebook-ի ուղիղ եթերում այդ մասին հայտարարել է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ մեկնաբանելով Արաբկիրում, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թշնամական հայտարարությունները՝ ուղղված արցախցիների դեմ, ինչպես նաև այն տեսանյութը, որտեղ արցախյան բարբառով խոսող դիմակավորված անձինք իբր սպառնում են իրեն։
Բանախոսը խոր մտահոգություն է հայտնել ընտրությունների նախաշեմին արցախցիների դեմ ուղղված ատելության և պառակտման նոր ալիքի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ գործող իշխող հանցախումբը, կանխազգալով իր անխուսափելի պարտությունն ու պատժվելը, փորձում է հասարակությանը ներքաշել արհեստական բախումների մեջ։ Իսրայելյանը նշել է, որ հասարակության զայրույթն արդարացված է, քանի որ մարդիկ դարձել են Ադրբեջան-Թուրքիա-Փաշինյան թուրքամետ տանդեմի զոհերը։
Հասարակական գործիչը կասկածի տակ է դրել Փաշինյանի կողմից շրջանառվող սպառնալիքների տեսանյութի իսկությունը՝ հայտարարելով, որ այն, ամենայն հավանականությամբ, բեմադրել են հենց իրենք՝ իշխանությունները։ Նա ընդգծել է, որ հոլովակում հնչող մտքերը վերաբերում են կոնկրետ պատասխանատու անձանց, այլ ոչ թե ժողովրդին, սակայն իշխանությունը միտումնավոր տարածում է այն և շեշտը դնում արցախյան բարբառի վրա՝ ատելությունն ու թշնամանքը կրկնապատկելու համար։
Անդրադառնալով արտաքին սպառնալիքներին և իշխանությունների երկակի ստանդարտներին՝ Անաստաս Իսրայելյանն ուղղակի հարց է տվել. «Ինչո՞ւ չեք ցուցադրում Ալիևի տեսանյութերը, երբ նա մեզ բոլորիս անվանում է անջատողականներ, կամ ինչո՞ւ չեք տարածում թուրքական «Գորշ գայլերի» հոլովակները, որոնք սրտիկներ են անում, ու չեք ասում, որ դա սպառնալիք է մեր ազգի համար»։ Նա ընդգծել է, որ ներկայիս ղեկավարների և արտաքին թշնամիների գործողությունների միջև որևէ տարբերություն չկա, քանի որ երկու կողմերի նպատակն էլ հայության թուլացումն է։
Ելույթի վերջում «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահը հայրենակիցներին կոչ է արել չտրվել նման էժանագին մանիպուլյացիաներին ու սադրանքներին։ Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի գիտակից մեծամասնությունը միասնական է, իսկ ներքին համերաշխությունն ու հարգանքը միմյանց հանդեպ ուժեղագույն հարվածն են դավաճանական ծրագրերին։ Իսրայելյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրություններին խաղաղ մթնոլորտում՝ հավելելով, որ անկախ ժամանակից՝ սեփական ժողովրդին կործանման տարած բոլոր հանցագործները վաղ թե ուշ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
News.am
