Բազմամսյա շրջափակումը վերապրած և հազիվ փրկված արցախցիներին ուղղված իր հայտարարությամբ Փաշինյանը վիրավորել է Հայաստանի բնակչության 70 տոկոսին։ Այս մասին Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ արցախցիներին ուղղված «Ինչո՞ւ նրանք փախան Հայաստան» հարցադրմանը։
Քոչարյանը հիշեցրել է, որ Չարենցավանում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել էր վարչապետի թեկնածուների համար սահմանել հոգեբուժական փորձաքննություն անցնելու պահանջ։
«Երեկ այդ առաջարկի առարկայական հաստատումը ստացանք։ Ընտրություններից հետո անպայման կիրականացնենք։ Նա (Փաշինյանը) ցույց տվեց, որ ունի հոգեկան խանգարում։ Դա բոլորի համար ակնհայտ էր»,- նշել է Քոչարյանը՝ նկատի ունենալով վարչապետի երեկվա վիրավորական և սպառնալիք պարունակող հայտարարությունները։
Դիմելով ժողովրդին՝ նա հարցրել է, թե նրանք ինչպիսին են պատկերացնում ընտանիքի գլխի մոդելը՝ հավասարակշռված, մտածող, նորմալ շփվող, աշխատասե՞ր ընտանիքի հայր, թե՞ հիստերիկ, կարծիքը 10 անգամ փոխող ստախոս, հարբեցող ու կազինոյի հաճախորդ։ Հիմա պատկերացրեք, որ երկիրն ընտանիք է, և կա մի մարդ, որը համապատասխանում է երկրորդ նկարագրությանը։ Առավել ևս, որ ինքն էլ էր խոստովանում, որ բանակցություններում իրեն հենց այդպես է դրսևորում, ընդ որում՝ պարզվում է, որ դա բեմադրություն չէր, այլ նա իրեն լիովին բնական է պահում, նկատել է Քոչարյանը՝ հավելելով, որ տան բարօրությունը կախված է ընտանիքի գլխից։ «Մեկ անգամ սխալվեցիք, հավատացիք։ Երկրորդ անգամ սխալվելու տեղ այլևս չկա։ Ահռելի տարածքային կորուստներ, 150 հազար փախստական, Արցախի կորուստ, 5 հազար զոհ։ Երկրորդ սխալը կլինի Սյունիքը, «Արևմտյան Ադրբեջանը» և, հնարավոր է, Հայաստանում մզկիթների կառուցումը»,- զգուշացրել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի բնակչության ավելի քան 70 տոկոսը Ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են։ Ստացվում է, որ արցախցիների հասցեին արված իր հայտարարությամբ Փաշինյանը վիրավորել է Հայաստանի բնակչության մեծամասնությանը, նշել է Քոչարյանը։ «Դա ձեր նախնիներին են ասել՝ «փախստականներ, հողատուներ»։ Բնակչության զգալի մասն այդպիսի պատմություն ունի»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ փաստացի վարչապետը ընտրության առաջ է կանգնեցնում՝ «պե՞տք է այնտեղ մեռնեին, թե՞ իսլամ ընդունեին»։ Նա նշել է, որ այնտեղ ներկա առողջապահության նախարարը պետք է (Փաշինյանին) համապատասխան վայր տաներ։ Նրա խոսքով՝ պացիենտին պետք է կարեկցանքով վերաբերվել, բայց քանի որ նա ամեն գնով ձգտում է պահել իշխանությունը, կարեկցանք է առաջացնում ժողովուրդը։ «Պետք է փոխել իրավիճակը՝ մի լավ ապտակ հասցնել այդ ստորին ու սրիկային, որը վիրավորել է ժողովրդի մեծամասնությանը»,- հայտարարել է Քոչարյանը։
Խոսելով մարզի խնդիրների մասին՝ նա նշել է աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, հիշեցրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից հրահրվող ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը բազմաթիվ խնդիրներ կստեղծի արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար։ Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև դպրոցների, անձնագրային բաժինների փակման վերաբերյալ իշխանությունների քաղաքականությանը՝ նման մոտեցումն անվանելով անթույլատրելի։ Մարզի բնակիչներին հատկապես հուզում է ոռոգման ջրի հարցը։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր նախագահության տարիներին են կառուցվել ամենաշատ ոռոգման համակարգերը, և պատրաստակամություն է հայտնել վերականգնել մարզում շարքից դուրս եկած բոլոր ոռոգման համակարգերը։
News.am
