«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել են Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա առթիվ։
«Արդեն 3–րդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից։ Քո ներկայությունն ու կատարված գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են»,– ասված է Սամվել Կարապետյանի ուղերձում։
Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի հայրենասիրությունը միայն խոսքով չի եղել, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելով։ Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Արցախի նախկին պետնախարարն կյանքով և ընտրությամբ է ցույց տվել, որ պատրաստ է ամենամեծ զրկանքների ու շեշտել` նրա և մյուս հայրենակիցների վերադարձը հայ ազգի պատվի հարցն է։
Գագիկ Ծառուկյանն էլ իր ուղերձում շեշտել է` Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը հայ ժողովրդի համար նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։
«Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։ Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։ Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայ ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին»,– նշել է Ծառուկյանը։
Նա վստահություն է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբացեն նաև նրա բանտախցի դուռը և կազատեն նրան գերությունից։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Նա այսօր դարձավ 58 տարեկան, ու արդեն 3-րդ տարին է, որ իր ծննդյան օրը նշում է Ադրբեջանում` բանտարկության մեջ։
Sputnik Արմենիա
