Логотип

Իշխանությունից սպառնացել են մարզիկներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո իշխանական շրջանակներից կապ են հաստատել մարզիկների հետ և սպառնացել, որ որևէ ձևով աջակցություն չհայտնեն նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ ԶԼՄ-ի՝ մարզիկները զանգեր են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, կառավարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կապված պաշտոնյաներից։ Թերթը պնդում է, որ սա է շատ մարզիկների լռության պատճառը։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։

Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին։ Ջուլֆալակյանը քննադատել էր նրա նկատմամբ իրականացված գործողությունները՝ դրանք անվանելով «այլանդակություն»։ Ավդալյանն ընդգծել էր, որ «ցանկացած պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Նշենք, որ Ծառուկյանը տարիներ ի վեր աջակցել է մարզիկներին։

Armenia Today